ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդեն 80 օրից ավելի է՝ փակ է, ինչի հետեւանքով հումանիտար ճգնաժամ է ստեղծվել այնտեղ: Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ ո՛չ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հետ, ավելին՝ հրաժարվում է կատարել անգամ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով պարտավորվել էր բացել Արցախի՝ կյանքի ճանապարհը: Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:

 

-Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք Արցախում ստեղծված իրավիճակը, ի՞նչ եք կարծում, ի՞նչը կստիպի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

-Ադրբեջանը Լաչինի միջանցքի նկատմամբ ունի այնքան լիազորություն, որքան Հայաստանը. երկուսի լիազորություններն էլ զերո են: Ռուսներն են ադրբեջանցիներին խնդրել, որ փակեն ճանապարհը: Տեսնում ենք, որ գնալով Ադրբեջանի վրա ճնշումները շատանում են, մի օր կբացվի միջանցքը, իհարկե: Խնդիրներ կան, բայց այդքան սուր չեն, Ադրբեջանն ուզի-չուզի պետք է բացի ճանապարհը: Ենթադրենք՝ եթե այսօր Ադրբեջանը բացի միջանցքը, Ռուսաստանը «կմորթի» Ադրբեջանին, որովհետեւ Ռուսաստանն է փակել ճանապարհը: Հարցը պետք է ճիշտ դնել, որպեսզի խնդիրը լուծվի: Այս հարցը մի քանի կողմ ունի. Հայաստանը ժողովրդավարական շատ երկրների կողմից հզոր աջակցություն ունի, որի բարձրակետը դարձավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը ինքնորոշման իրավունքի մասին: Ուրեմն ամեն բան լավ է, պետք է գնանք առաջ, խնդիրը կլուծվի: Մեկ բան հստակ է՝ Հայաստանը երբեք չպետք է ներքաշվի կոնֆլիկտի մեջ, ինչը Ռուսաստանի ուզածն է. նրա նպատակն է, որ Հայաստանը ներքաշվի կոնֆլիկտի մեջ: Ստրատեգիայի մեծ երեք ուղղություն կա՝ կոշտ ուժ, փափուկ ուժ եւ խելացի ուժ. միայն առաջին միջոցը չպետք է կիրառենք՝ կոշտ ուժը, մյուսները ճնշման միջոցներ են, պետք է կիրառենք, եւ Հայաստանը դա անում է: Այսօր գրեթե բոլոր կառույցներն ընդգրկված են Արցախի հարցի լուծման, Լաչինի շրջափակման վերացման աշխատանքներին, բայց հասարակության մի հատված կա, որն ուզում է Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, բայց նման բան չի լինելու. Հայաստանը չպետք է նրքաշվի կոնֆլիկտի մեջ: Արցախը բլոկադայի է ենթարկել ռուս խաղաղապահ ուժը՝ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի. այլ մեկնաբանություն չկա:

-Պարո՛ն Շիրինյան, ասում եք՝ ճանապարհը Ռուսաստանն է փակել, ռուսական կողմի պարտավորությունն է բացել այն: Ստացվում է՝ Հայաստանը չունի՞ որեւէ պարտավորություն. ի վերջո, Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը:

-Ունի, Հայաստանը պետք է փափուկ ուժի կիրառման միջոցով հարցը լուծի. փափուկ ուժը բոլոր հնարավոր միջոցներն են խնդրի լուծման համար, բացի ռազմական ուժից, իսկ Հայաստանը անում է ամեն ինչ Արցախի համար, նաեւ՝ նյութական առումով: Շատ բաներ չեն ասվում, բայց արվում են հենց դիվանագիտական ուղղությամբ: Գերմանիայի կանցլերը հենց այնպես չէր հայտարարել ինքնորոշման իրավունքի մասին. դա Հայաստանի դիվանագիտական ծառայության հետ կապ ունի, դիտորդների: Մենք պետք է քաղաքական տերմինները եւ քաղաքագիտության խոսույթը լավ իմանանք, որպեսզի Ուկրաինայի մակարդակն ապահովենք հայրենիքի պաշտպանության հարցում: Հստակ կարող եմ ասել՝ Հայաստանը Լաչինի միջանցքի բացման համար կոշտ ուժով չի միջամտելու. ով ինչ ուզում է՝ ասի կամ անի, բայց մնացած ամեն քայլ հաջողությամբ անում է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

«ԱԿԱՄԱ ՆԱՅՈՒՄ ԵՄ  ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ»

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից. «Ես ամեն առավոտ գործի գալիս սափրվում եմ, սափրվելիս նայում եմ հայելու մեջ, կամա-ակամա նայում եմ նաեւ աչքերիս մեջ: Հիմա ես փողկապս կապեմ, այդ երեւույթի կողքով անտարբեր անցնեմ ու գամ գործի, հետո այդ երեւույթի պատճառով ստեղծված իրավիճակը դառնա վտանգավոր:

Մի երիտասարդ հայր իր մեքենայով շտապ իր երեխային բերի հիվանդանոց, մյուս կողմից էլ մի ուրիշ երեխա գա, ճանապարհը հատի, ու տեղի ունենա սարսափելին, ես հաջորդ օրը այսքանից հետո ո՞նց կարող եմ կանգնել հայելու դեմը ու նայել աչքերիս մեջ. ես այդ մարդը չեմ»:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ. որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Դատախազությունը հայտնում է, որ նախկին պաշտոնյան իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի եւ եկամուտների վերաբերյալ տվյալները: Նրա նկատմամբ ավելի վաղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օրինակ, ըստ հաղորդագրության՝ 2018 թվականի հայտարարագրում նախկին բարձրաստիճան զինվորականը նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ նրա անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» եւ «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար դրամով:

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը 2009 -2017 թվականներին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, ապա՝ 2018 -2020 -ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի։

 

 

 

ԿՈՂՄ ԵՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ

Երեկ Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Նկատենք, որ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը  «սեւ օր» է համարել Վրաստանի ժողովրդավարության համար։ Օրինագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը Վրաստանում կսահմանափակի ազատությունները։

Առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները։

Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Հարյուրավոր ցուցարարներ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացնում օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ եւ ջրանետ մեքենա է կիրառել։ Այս նախագիծն արդեն Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել։

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ

«Ես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ պետք է փոխվի բանակցողը. Չի կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ, խմած, հարբած ծաղրածուի հետ. այդպիսի մարդը ինչո՞ւ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին, այդպիսի մարդը պետք է միայն պահանջի»,- երեկ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երկրորդը՝ մենք իրականության մեջ ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք: Իրենք ուզում են, որ ամեն ինչն իրենցը լինի ու դեռ մի բան էլ ավել: Իսկ միջնորդներնն ինչպե՞ս պետք է վերաբերվեն այն մարդուն, որը մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ, մեկ Պրահա, մեկ Մոսկվա: Դա փոխլրացման, եւ-եւ-ի քաղաքականություն չի, դա ճնշման տակ, կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ իրավիճակն անասելի դժվար կլինի այն անձի համար, որը փոխարինելու է ներկա բանակցողին, բայց իրավիճակը շտկել հնարավոր է:

 




Լրահոս