ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՒ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները։ Ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը երեկ արդեն հանդիպել է վարչապետին:

 

Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, դիվանագետի հետ քննարկել է կիրակի Արցախում տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը, որի հետեւանքով 3 արցախցի ոստիկան է սպանվել։

Բաքվում ունեցած հանդիպումներից հետո՝ երեկ Երեւան ժամանած ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն եւս հանդիպելու է վարչապետին։

Մարտի 7-ին Լուիս Բոնոն հանդիպեց Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների եւ այլոց հետ՝ առաջ մղելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը. հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Բոնոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում մեկ ամիս առաջ է նշանակվել։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը երեկ ամերիկացի բանագնացը, որը նաեւ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականն է, հայտարարել էր՝ Վաշինգտոնի վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն է։

Ամերիկացի դիվանագետը կարեւորել է նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ շփումները՝ շեշտելով՝ իր այցի նպատակը երկխոսության ծավալումն է։

Ալիեւն էլ իր հերթին գոհունակություն էր հայտնել իր ու Հայաստանի ղեկավարի միջեւ փետրվարի 18-ին կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Մյունխենյան այդ հանդիպմանը Գերմանիայում ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին մասնակցում էր նաեւ Լուիս Բոնոն:

Ամերիկացի բանագնացի այցին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաեւ պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսն ասել է, որ ամերիկացի դիվանագետը տարածաշրջանում է` «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»։

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», – ասել է Փրայսը։

Անդրադառնալով կիրակի օրն Արցախում տեղի ունեցած արյունալի միջադեպին՝ պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Փրայսը ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դեմ լինել միջնորդական որեւէ առաջարկի, այդ թվում՝ ռուսականին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ոչ թե միջնորդ է, այլ Երեւանի եւ Բաքվի գործընկերը։

«Կարծում եմ՝ մենք եւ՛ խոսքով, եւ՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր ցանկությունն ու պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց, մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջեւ երկարատեւ վեճի կարգավորմանն ու լուծմանը, ցավոք, մի վեճի, որը հետեւողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես եղավ մարտի 5-ին», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Փետրվարին էլ տարածաշրջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ պատվիրակ Իգոր Խովաեւը, հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիեւին։

Ռուսաստանցի դիվանագետը, կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել էր Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։

Ն.Հ.

 

 

 

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ

Նախօրեին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 8-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

 

 

 

 

ԱԴԱՄ ՇԻՖԻ ԿԱՐԾԻՔԸ

Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետեւանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության եւս մեկ գործողություն է. Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: Նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԻՍ ՌՈՔՖՈՅԻՆ

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական  հարձակման դեպքին եւ ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում:

 

 

 

 

ԿԱՆԱՅՔ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, կանանց տոնի կապակցությամբ Ազգային ժողովի կին պատգամավորները եւ կին աշխատողները պարգեւատրվել են վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ԶԵՆՔ ԿՐԵԼ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր նախագծով. զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը եւ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:

Ըստ այդ որոշման՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկն ունի հետեւյալ տեսքը՝

-հոգեկան խանգարումներ,

-նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ, օրինակ՝ գլխուղեղի եւ ողնուղեղի վնասվածքների հետեւանքներ,

-ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ, օրինակ՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն,

-աչքի եւ նրա հավելումների հիվանդություններ, օրինակ՝ տեսողության սրության իջեցում,

– վիրաբուժական հիվանդություններ, օրինակ՝ ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ,

-խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ, օրինակ՝ ինքնավնասումներ առաջացնող վարք:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին մեղադրանքներ է ուղղել Ռուսաստանի ուղղությամբ:

Մասնավորապես, պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաեւ սպառնում է ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու եւ չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով.

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու եւ չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն»,- ասված է հայտարարությունում: Նշենք, որ Բաքուն մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ մարտի 5-ի զինված միջադեպի փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար: Բանն այն է, որ  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաստատել էր, որ կիրակի առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։




Լրահոս