Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով ապրանքների անմաքս ներմուծման շեմը կարող է վերադառնալ նախկին 200 եվրոյի մակարդակի: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։ Այս հարցի քննարկման մասին նախաձեռնություն ԵԱՏՀ խորհուրդը չի ստացել, ընդգծել է Մալկինան՝ պատասխանելով լրագրողների հարցին։ «Այսօրվա դությամբ, ինչպես մեզ հայտնի Է, այս հարցի վերաբերյալ կան տարբեր առաջարկներ, սակայն ԵԱՏՀ խորհրդում դրա քննարկման կոնկրետ նախաձեռնություններ կողմերից չեն ստացվել:
Եթե հարցը չքննարկվի և համապատասխան որոշումներ չընդունվեն, ապա ապրիլի 1-ին շեմը կվերադառնա նախկին մակարդակ՝ 200 եվրո փոխադրողի կամ փոստային առաքումներով փոխադրվող ապրանքների համար, և 500 եվրո այն ապրանքների համար, որոնք որպես ուղեբեռ ներկրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով՝ բացառությամբ օդային տրանսպորտով կամ ոտքով», – ասել Է Մալկինան։
Ավելի վաղ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը Յարոսլավլի մարզ կատարած ուղևորության ընթացքում լրագրողներին ասել էր, որ քննարկվում է անմաքս շեմը 1000 եվրոյից իջեցնելու հարցը, և Միության երկրները կմշակեն միասնական կարծիք այս հարցի վերաբերյալ։ Մարտի սկզբին «Известия» թերթը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության Սպառողների միությունը դիմել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, արդյունաբերության և առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններ՝ անմաքս առցանց առևտրի շեմը չնվազեցնելու խնդրանքով։
Ապրիլի 1-ից այդ շեմը 1000 եվրոյից պետք է իջնի մինչև 200 եվրո։ Այն դեպքում, եթե ծանրոցի արժեքը գերազանցում է շեմի գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ-ից ավելի, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք պատվերի արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ-ի դիմաց: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտարարել էր մինչև 2023 թ. ապրիլի 1-ը ԵԱՏՄ-ում ինտերնետային առևտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման շեմը 200 եվրոյից մինչև 1000 եվրո բարձրացնելու ժամկետը երկարաձգելու մասին:
Խոսքը վերաբերում Է ֆիզիկական անձանց համար ապրանքների ներմուծմանը: Ըստ հանձնաժողովի՝ այս միջոցը թույլ է տալիս աջակցել արտասահմանյան առցանց խանութներում անձնական օգտագործման ապրանքներ պատվիրող քաղաքացիներին, ինչպես նաև խուսափել ապրանքների պակասից։ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: