
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ԱԳՆ տեղեկացմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման անհրաժեշտությունը: