Բանակցությունները փակուղի է մտցրել հենց Փաշինյանը, ով դռների հետևում մի բան է խոստանում, իսկ հրապարակային այլ բան է ասում. Դավիթ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ մի շարք ոչ հուսադրող հայտարարություններ արեց Արցախի մասին, ակնարկելով, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է:

Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղում են, Ադրբեջանը փորձում է Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել:

Միևնույն ժամանակ Փաշինյանն ասաց, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունն ինքը պետք է որոշի:

Այս հայտարարությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ կասեք Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արված դիտարկումների մասին, ի՞նչ կարող ենք արձանագրել այս ամենից:

-Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ որոշ արցախցիների 20-հոգանոց ակցիային՝ ռուս խաղապահների տեղակայման վայրում, բայց այդպես էլ չանդրադարձավ արցախցիների երկու մեծ ակցիաներին, երբ արցախահայությունը դուրս էր եկել հրապարակ և պահանջում էր, որպեսզի Արցախի ինքնորոշումը ճանաչվի միջազգայնորեն, երբ արցախցիները փաստում էին, որ պայքարելու են, քանի որ չեն պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում:

Փոխարենը դիվանագիտական բոլոր խողովակներով Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս գիծն առաջ տաներ, ցավոք սրտի, անտեսելով ամբողջ արցախահայության պահանջը, նա իր ասուլիսի ժամանակ, չգիտես ինչու, անդրադարձավ 20-հոգանոց ինչ-որ ակցիայի՝ ռուս խաղաղպահների դեմ: Սրանով նա կրկին ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, այն է՝ փնովել ռուս խաղապահների աշխատանքը: Փաշինյանի նման հայտարարությունները թույլ են տալիս մեզ մտածել, որ հենց այդ խմբակը ուղղորդվում է կա՛մ Նիկոլ Փաշինյանի, կամ էլ այլ արտաքին կենտրոնների կողմից, որոնց կողմից ուղղորդվում է հենց Փաշինյանը:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները փակուղում են, իսկ Ադրբեջանը գնալով մեծացնում է իր պահանջները Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Ինչո՞ւ նման փակուղային իրավիճակում հայտնվեցինք, ու ի՞նչ ելքեր եք տեսնում.

-Բանակցություններն ինքն իրենց փակուղի չեն մտնում, փակուղի մտցրել է հենց Նիկոլ Փաշինայնը, ով դռների հետևում այլ բան է խոսում, խոստանումներ է տալիս, իսկ հրապարակային խոսքում այլ բան է ասում: Հենց Փաշինյանը բանակցությունները մտցրեց փակուղի, որի արդյունքում ունեցանք Արցախի 75%-ի կորուստ: Նա հայտարարում էր, թե Արցախի համար այնպիսի լուծում պետք է գտնի, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց միայն Ադրբեջանի ժողովրդի համար է Փաշինյանի որոշումն ընդունելի; Չեմ կարծում, որ Արցախում և Հայաստանում ապրող հայերի համար ընդունելի է Փաշինյանի գտած լուծումները:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս