Ինքնակամ կառույցների համար տուգանքը խստացվում է. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս իրավախախտումները Հայաստանի Հանրապետությունում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։

Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը։

Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտի կողմից այս խումբ իրավախախտումները կատարելու հետևանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման պայմաններում վերջիններիս կողմից ստացվող եկամուտներից, ինչպիսի պայմաններում քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար հաճախ վարչական իրավախախտում կատարելը, դրա համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելը ավելի «շահավետ» են լինում, քան իրավախախտում կատարելուց խուսափելը և քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը։

Այսպիսով, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով: Մինչ այդ գործում էր հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով տուգանքը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս