Ռուսաստանը Հայաստանի ղեկավարության խղճին կթողնի Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում Եվրամիության հովանու ներքո։ Ուստի մենք թողնում ենք հայկական կողմի, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության խղճին, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակը խաղաղության, կայունության և տարաձայնությունների հաղթահարումն է, սակայն դա հնարավոր է անել միայն իր պատասխանատվության շրջանակում։
«Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են: Դրանք շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Պարզապես պետք է բացել այս փաստաթուղթը և տեսնել, թե ինչ է: Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն էսկալացիան և կայունացնեն իրավիճակը տեղում, և դա անում են նաև իրենց պատասխանատվության ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։