ԽՆԿՈ ԱՊՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի եւ միջոցառումների:

 

Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժեւորել գիրքն ու ընթերցանությունը, նպաստել ընթերցելու մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը, նպաստել գիրքը որպես մշակութային արժեք եւ մտավոր զարգացման միջոց դիտարկելու գիտակցմանը:

Կրթամշակութային ծրագրեր

Գրադարանի միջոցառումների շարքում հատկանշական է առանձնացնել ավանդաբար անցկացվող «Գրքի եւ երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արեւմտահայ գրականության միամսյակ», «Գիրք նվիրելու օր», «Մայրենի լեզվի միջազգային օր», «Մանկապատանեկան գրքի երեւանյան ցուցահանդես-տոնավաճառ», «Գրադարանավարի օր», «Մանկական գրքի միջազգային օր», «Երեխաների պաշտպանության միջազգային օր» ծրագրերը: Դրանց շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ գրքի ընթերցում-քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր, գրքային ցուցահանդեսներ, թատերական եւ տիկնիկային ներկայացումներ՝ գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նկարչական ցուցահանդեսներ, տարվա հոբելյարներին նվիրված միջոցառումներ եւ այլն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում

Մշակութային միջոցառումների շարքում իրականացվում է նաեւ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը մանուկների եւ պատանիների շրջանում» ծրագիրը, որի շրջանակում անցկացվում են վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ, մշակութային այցեր:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության կարեւորման եւ արժեւորման գիտակցության ձեւավորումը մանուկների եւ պատանիների շրջանում, ինչպես նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության մեծացումն ու հանրահռչակումը նոր սերնդի շրջանում: Կարեւորելով գրադարանի դերն ու նշանակությունը սերունդների ձեւավորման գործում, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում երեխաներին գրքին ու ընթերցանությանը մոտեցնելու նոր մեթոդների ու գաղափարների ներդրման անհրաժեշտությունը՝ գրադարանն իրականացնում է նաեւ տարաբնույթ կրթական ծրագրեր: Դրանց նպատակն է երեխաների արտադպրոցական ոչ ֆորմալ կրթության ապահովումը, բազմակողմանի զարգացումը եւ գիտելիքների ձեռք բերման այլընտրանքային միջոցների ստեղծումն ու կիրառումը:

Գրադարանի կրթական ծրագրերի շարքում հատկանշական է առանձնացնել հետեւյալ ծրագրերը՝

«Ամառային, աշնանային, գարնանային ճամբարներ»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաների համար: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում են հետաքրքիր, ուսուցողական, կրթական եւ մշակութային պարապմունքներ, ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ եւ Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ծրագրի նպատակն է երեխաների ամառային հանգստի, հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ժամանցի արդյունավետ կազմակերպումը:

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում իրականացվում են գրքի ընթերցում-քննարկումներ, գրքի նկարազարդում, վարպետության դաս, գրքախաղ, մշակութային այցեր եւ այլ հետաքրքիր ու բազմակողմանի կրթամշակութային միջոցառումներ: «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

«Հայրենագիտություն»

Նախատեսված է 7-18 տարեկան երեխաների եւ պատանիների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են մեր հայրենիքի տեսարժան վայրերն ու պատմությունը: Հայրենաճանաչությանը միտված ծրագիրը նպատակ ունի ստեղծել նախադրյալներ կայացող սերնդի արժեքային համակարգի հարստացման, հայրենի պատմության ու դարավոր մշակույթի հանրահռչակման համար:

«Խնկո Ապոր թանգարանը գրադարանում»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրում ներկայացվում է Խնկո Ապոր կյանքը, ստեղծագործությունները եւ տիկնիկային բեմականացում՝ նրա առակների հիման վրա: Նպատակն է ծանոթացնել Խնկո Ապոր կյանքին եւ ստեղծագործական կենսագրությանը:

«Մեծանում եմ ընթերցող»

Նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար: Ծրագիրը ներառում է հեքիաթապատում, հեքիաթի նկարազարդում, զարգացնող խաղեր: Նպատակն է երեխաների մեջ ձեւավորել ընթերցելու մշակույթը վաղ տարիքից:

«Գրադարանախաղ»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում այցելուները խաղում են գրադարանի հեղինակային գրական, երաժշտական խաղերը: Նպատակն է խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել հայ եւ օտարազգի գրականությանն ու երաժշտության ժառանգությանը:

 

 

 

ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԱՍԿԱՏՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերային թատրոնի հետ կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։

Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու գործողությամբ բալետը՝ հայ եւ իտալացի արտիստների մեկնաբանմամբ, հանդիսատեսի համար բեմ կբարձրանա մարտի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Նշենք, որ սա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երրորդ հյուրախաղն է Օմանում։ Նախորդ երկու հյուրախաղերը կայացել են 2022 թվականին։

 

 

 

 

ԱՋԱԿՑԵԼ Է ԻՐ ՀԱՅ ՓԵՍԱՑՈՒԻՆ

Լիբանանցի դերասանուհի Նադին Նասիբ Նժեյմն աջակցել է իր հայ փեսացու Նարեկ Նարբեկյանին։

Ավելի վաղ Նադինն Instagram-ի իր հետեւորդների հետ կիսվել էր Նարբեկյանի հետ նոր լուսանկարով, սակայն դերասանուհու երկրպագուները մեկնաբանությունների բաժինը հեղեղել էին նեգատիվությամբ եւ քննադատությամբ՝ Նարեկին համարելով «չափից շատ կանացի»։

«Մի՛ կորցրեք հույսը սիրո մեջ, տվե՛ք ձեզ եւս մեկ հնարավորություն, եւ դուք այն անսպասելիորեն կգտնեք: Որոշ մարդիկ ատում են երջանկությունն ու այն ոչ մեկին չեն մաղթում. ապրեք ձեր կյանքով, եւ թող ասեն այն, ինչ ուզում են… Թող նրանց խոսքերն այրեն նրանց սրտերը»,- գրել է դերասանուհին։

Զույգը նշանադրվել է փետրվարի սկզբին՝ դերասանուհու 39-ամյակին։ Նժեյմը, որն ունի ավելի քան 15,6 միլիոն հետեւորդ, տեսանյութ էր տեղադրել, որում Նարեկն իրեն ամուսնության առաջարկություն է անում. «Այսօր ես պետք է նշեի իմ ծննդյան օրը, բայց, ի վերջո, նշեցի կյանքն ու սերը։ Ես ասացի՝ այո»։

 

 

 

ԵՐԿՈՒ ՆՈՐ ԱԼԲՈՄ

Շերը նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել իր սիրելիի՝ Ալեքսանդր Էվարդսի հետ: Նրա խոսքով՝ մոտ ապագայում ինքը նախատեսում է մեկնել Անգլիա՝ երկու նոր ալբոմ ձայնագրելու։ Լեգենդար երգչուհին պատմել է, որ Ալեքսանդրը գրել է երգերից մի քանիսը, եւ այդ պատճառով ինքը շատ հուզված է եւ երջանիկ։ «Նա պրոդյուսեր է եւ գրող։ Նա անում է ամեն ինչ, որ երջանիկ լինեմ», – ասել է նա։

Շերը նաեւ հայտնել է, որ նախատեսում է շրջագայության մեկնել այս տարվա վերջին: «Կարծում եմ՝ ինչպես ցանկացած արտիստ, երբ լավ բան ես ունենում, հուզվում ես»:




Լրահոս