«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել. «Երևան քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկն, ինչպես հայտնի է, բնապահպանական անմխիթար վիճակն է, օդի աղտոտվածության՝ թույլատրելիից զգալիորեն բարձր շեմը, մեքենաների արտանետումները։ Ցավոք, տասնամյակներ շարունակ՝ Երևանի բոլոր քաղաքային իշխանությունների օրոք, քաղաքում, հատկապես կենտրոնում, կանաչ տարածքները նվազել են, կառուցապատումն էլ՝ հասել անընդունելի չափերի։
Փաստ է, որ վաղուց այլևս որևէ այգի չի կարող հավակնել Երևանի գլխավոր այգին կոչվելուն, ինչպիսիք կան ոչ միայն աշխարհի խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Բեռլինում, Փարիզում կամ Լոնդոնում, այլև մեզ հետ համեմատելի մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում, Քիշնևում, Մինսկում, այլուր։ Ո՛չ Օղակաձև, ո՛չ Ծիծեռնակաբերդի, ո՛չ Նորքի, ո՛չ Սունդուկյանի, ո՛չ էլ անգամ Բուսաբանական այգին չեն կարող որակվել որպես գլխավոր այգի՝ կա՛մ փոքր են, կա՛մ կառուցապատված, կա՛մ անմխիթար, կա՛մ զուրկ ոռոգման ցանցից, և այլն։
Վաղուց ժամանակն է Երևանում կամ Երևանի շրջակայքում հիմնելու ամբողջապես նոր, մի քանի տասնյակ հեկտար տարածք զբաղեցնող, բազմազան դեկորատիվ ծառատեսակներով ընդարձակ այգի, որը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի քաղաքի բնապահպանական աղետալի վիճակը, այլև կդառնա քաղաքաբնակների սիրելի վայրերից մեկը։ Պարզ է, որ այն չի կարող տնկվել կենտրոնում, բայց քաղաքի ծայրամասային մի քանի վարչական շրջաններում կան դրա համար բավական նպաստավոր համայնքային հողեր, որոնք կարող են օգտագործվել նպատակային նշանակությամբ։
Ես և մեր քաղաքական թիմը՝ որպես Երևանի զարգացման երկարաժամկետ ծրագրի հեղինակ, հրաշալի պատկերացնում ենք նման այգու տնկման, խնամքի և սպասարկման ամբողջ ընթացքը։ Մասնավորի հետ գործակցությամբ այն կարող է բավական քիչ արժենալ քաղաքային բյուջեի համար, մյուս կողմից՝ պետք է ի սկզբանե բացառվի որևէ տիպի կառուցապատում այգու ամբողջ տարածքում։ Առաջիկայում պատրաստվում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այս հարցին և այն ներառել Երևանի զարգացման իմ ծրագրում»։