Ջրվեժում 49-ամյա բնակչին կյանքից զրկելու դեպքով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են օրեր առաջ Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք էական հանգամանքեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Վերջինս Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է:

2023թ․ մարտի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 1-ին` ժամը 23:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Ջրվեժ համայնքի 49-ամյա մի բնակիչ: Վերջինս գիտակցության չգալով, ավելի ուշ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության են ենթարկվել Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, խանութի դիմաց կայանված «GAZ» մակնիշի ավտոմեքենայի աջ և ձախ կողային հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին, ժամը 21:20-ի սահմաններում 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին հիշյալ խանութ սրահի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու և մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձևափոխման հարցի շուրջ։ Այդ ընթացքում վերոնշյալ անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերած և իր մոտ պահվող հրազենից, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել է փախուստի:

Հսկող դատախազի կողմից Երևան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ քրեական հետապնդման ենթարկվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և ապացուցողական միջոցները դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։




Լրահոս