Ֆրանսիայի խորհրդարանի ձախ ուժերի խմբակցությունը՝ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (NUPES), հավանություն կտա հանրապետության կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկին: Այս հայտարարությանը նախորդել էր Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հայտարարությունը, որ կառավարությունը որոշել է կենսաթոշակային բարեփոխումներն անցկացնել՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Մենք որոշել ենք առավելագույնս մեծացնել անվստահության քվե հայտնելու հնարավորությունները», – France Inter ռադիոկայանի եթերում հայտնել է «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը. այս կուսակցության պատգամավորները մտնում են NUPES-ի կազմի մեջ։
Մելանշոնը նաև հավելել Է, որ երկրի բնակիչներին կոչ Է արել մասնակցել ինչպես ինքնաբուխ, այնպես էլ արհմիութենական կենտրոնների կողմից կազմակերպված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին։
Կենսաթոշակային բարեփոխումները նախատեսում են կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան և վերացնում են մի քանի արտոնյալ կենսաթոշակային ռեժիմներ։ Բացի այդ, ամբողջական կենսաթոշակ ստանալու համար հարկավոր է նվազագույնը 43 տարի աշխատանքային փորձ ունենալ և սոցիալական վճարներ անել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը նաև մտադիր է կենսաթոշակի նվազագույն չափը բարձրացնել՝ հասցնելով ամսական մինչև 1200 եվրոյի: Բարեփոխումների մասին նախագծի՝ առանց խորհրդարանի քվեարկության ընդունումն արվել է Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
Հոդվածը կառավարությանն ընձեռում Է այդ հնարավորությունը, սակայն տեքստն ընդունված է համարվում սոսկ այն դեպքում, եթե 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի մեկ տասներորդ մասը չստորագրի կառավարության վստահության հարցը քվեակության դնելու պահանջը: