Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել անասնապահության ոլորտի խնդիրների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում ստեղծված խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:

«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար, անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:

Խորհրդակցությանը մասնակցել են Գյուղատնտեսության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն ու փոխնախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը:




Լրահոս