Պուտինը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը, Սերգեյ Կաբիշևը, Սերգեյ Լեոնովն ու Արտեմ Տուրովը:

«Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը պետք է ապահովի ՌԴ նման քաղաքացիների՝ պետական ​​և քաղաքային մարմիններում աշխատանքի անցնելու իրավունքները, կրթական կազմակերպություններում վերապատրաստումը, ինչպես նաև այլ հարցերի կարգավորումը, որոնց լուծման համար Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է»,- ասված է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի չլինելու համար դիմում ներկայացնելու օրվանից սկսած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պարտավոր է չձեռնարկել գործողություններ «կապված Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հետ»: Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը համարվում է անվավեր։




Լրահոս