ՄԱԿ-ը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 18-ին, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով է երկարաձգվել պայմանագիրը։
«Սևծովյան հացահատիկի գործարքը, որը ստորագրվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսի 22-ին, երկարաձգվել է։ Նախաձեռնությունը թույլ է տալիս նպաստել ուկրաինական որոշ նավահանգիստներից հացահատիկի և հարակից պարենային ապրանքների և պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման անվտանգ տեղափոխումը։
Դյուժարիկն ընդգծել է, որ կազմակերպությունը հավատարիմ է համաձայնագրի երկու մասերին և բոլոր կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը՝ դրանք լիարժեք կյանքի կոչելու համար։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել էր հացահատիկի գործարքի երկարաձգման մասին։