
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, եթե այցելի Գերմանիա: Այս մասին գրում է գերմանական Die Zeit-ը՝ մեջբերելով Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանի խոսքերը։
«Ես ակնկալում եմ, որ Միջազգային քրեական դատարանն արագ կապ կհաստատի Ինտերպոլի հետ, ինչպես նաև պետությունների հետ և կխնդրի նրանց կատարել պահանջը: Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել նախագահ Պուտինին, երբ նա մտնի Գերմանիայի տարածք և կհանձնի Միջազգային քրեական դատարանին»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ օրերս Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։