ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։
2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:
Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք:
Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:
Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին:
Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:
2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: