Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրեւ թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, եւ որ, իբրեւ թե, նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:
Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի եւ չի կարող ունենալ որեւէ փաստական հենք եւ աղերս իրականության հետ։
Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝
- Մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է,
- Լաչինի միջանցքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն իր կողմից չկատարելու եւ ի հեճուկս այդ որոշման՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստից,
- 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու փաստից:
Այս ակնհայտ փաստերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն այդ քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է Արեւմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արեւմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որեւէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչեւ դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո։ Ավելին, վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետությունը բանակ չունի։ Այս տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը բազմիցս մերժվել է հենց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ եւս մեկ անգամ ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները:
ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԱՆՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ երեկ ավարտվել են իր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացները։
Վերջինս ցավոտ անակնկալ է որակել այն, որ ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան է ժամանել հայազգի լրագրողներից եւ մեդիամենեջերներից մեկը՝ «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տրվել հատել երկրի սահմանը։
Ըստ Սողոմոնյանի՝ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում եւ կարող է ապակայունացնել վիճակը երկրում։
«Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված եղավ մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա»,- հավելել է Սողոմոնյանը:
ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին։
Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին եւ բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաեւ 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար եւ ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաեւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին՝ դեռեւս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։
Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու եւ բժշկական, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։
Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաեւ կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում՝ ադրբեջանական էքսպանսիայի եւ ավտորիտարիզմի դեմ պայքարում:
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Իրավապահ մարմինները չեն կարողանում վերադարձնել Աննա Հակոբյանին պատկանող շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զադերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, եւ գրավատունը այն վաճառել է: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետեւ Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը եւ ապարանջանը:
Դրանից հետո Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով եւ 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար Կոմիտաս պողոտայում եւ Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում: Տիգրան Պ.-ն կալանավորված է: