ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 եւ 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի եւ եկամուտների վերաբերյալ տվյալները:

 

Մասնավորապես, Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացրել հայտարարագիր, որում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված MERCEDES-BENZ S500L 4MATIC, MERCEDES-BENZ S450 4MATIC եւ VAZ 21011 մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նշված ժամանակահատվածում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:

2018 թվականի մարտի 22-ից Հ.Բ.-ն նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2018 թվականի հունիսի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր անվամբ առկա է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, ունի 864 հազար 493 ՌԴ ռուբլի, որը 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ համարժեք է եղել 7 մլն 296 հազար 320 դրամին: Հ.Բ.-ի անվամբ, մինչդեռ, հաշվառված են եղել MERCEDES-BENZ S450 4MATIC եւ VAZ 21011 մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):

2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ հարկային տարում շարժական գույք չի օտարվել, որպես եկամուտ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված 2 մլն 880 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ 2018 թվականի հունիսի 23-ին Հ.Բ.-ն իր անվամբ հաշվառված MERCEDES-BENZ S450 4MATIC մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Հ.Բ.-ն, 2020 թվականի մայիսի 19-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ տվյալ տարվա սկզբում իր անվամբ հաշվառված է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 3 մլն ՌԴ ռուբլի, մինչդեռ հայտարարագրման տարվա սկզբում Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել VAZ 21011 մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել է շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

2021 թվականի մարտի 1-ին ներկայացրած հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ իր անվամբ հաշվառված է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 2 մլն 940 հազար ՌԴ ռուբլի, մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել VAZ 21011 մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, 2020 թվականի ընթացքում՝ մինչեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրը, Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի եւ առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):

Հ.Բ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները մարտի 6-ին Այնթապ գյուղում հայտնաբերել եւ բաժին են տարել 38-ամյա Սերգեյ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Հակամրցակցային գործունեությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 

 

 

 

ԿՆՈՋԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՓՇՏԱԿԵԼ

Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից: Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր՝ սեւ ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին:

Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, եւ պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար դրամ:

Այնուհետեւ մարտի 3-ին նույն հեռախոսահամարից զանգել էին կնոջն ու պահանջել փոխանցել եւս 25 հազար դրամ: Կինն այդ անգամ էլ էր փոխանցել, ինչից հետո նրա զանգերին չէին պատասխանել: Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր եւ զգոն, գործարքների մեջ չմտնել կասկածելի մարդկանց եւ կազմակերպությունների հետ:

 

 

 

 

ԿԱԶՄՎԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ մարտի 7-ին վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական, եւ հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղեւորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։

 

 

 

 

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐԸ

2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական, եւ հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղեւորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։




Լրահոս