ԽՈՒԶԱՐԿՎԵԼ ԵՆ 10-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

  Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդկության առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է ամբողջ աշխարհում։

 

Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաեւ տեխնոլոգիաների զարգացմամբ։ Խնդրով մտահոգված են նաեւ պետական ու ոչ պետական շահագրգիռ կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք բազմիցս այդ մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում են։ Հաշվի առնելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի գործում ձեւավորված միասնական մոտեցումն ու արդյունավետ հակազդելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու միակարծությունը՝ ՆԳ նախարարության ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։ Եվ պատահական չէ, որ հատկապես վերջին մի քանի ամսվա ընթացքում հայտնաբերվել ու քրեական պատասխանատվության դաշտ են բերվել համացանցի միջոցով թմրամիջոցներ իրացնող անձինք, ու փակվել են տելեգրամյան բազմաթիվ ալիքներ։ Չարիքին առավել պրոֆեսիոնալ հակազդելու համար Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ձեւավորվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումը, որը գործունեության առաջին իսկ օրերից տպավորիչ արդյունքներ է արձանագրում։ Առհասարակ, ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվում ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից։ Կարող ենք արձանագրել, որ բացահայտումների թիվն էականորեն աճել է նաեւ պարեկային ծառայության ներդրման արդյունքում։ Այդ համատեքստում առանձնացնենք պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները եւ, իհարկե, օպերատիվ-հետախուզական 24-ժամյա գործունեությունը՝ որպես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի առանցքային գործիք։

Ներկայացնենք այդ միջոցառումներից մի քանի դրվագ, որոնք օրերս արձանագրվել են Շիրակի մարզում։ Այսպես, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ ենթակա տարածքային ստորաբաժանումներում ստացված օպերատիվ տեղեկությունների եւ քննչական մարմիններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մարտի 3-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների եւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու նախաքննական մարմինների աշխատակիցները խուզարկել են 10-ից ավելի բնակարան եւ օժանդակ շինություններ։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամ 100 գրամից ավելի մարիխուանա, կանեփի սերմեր, կաթուցիչներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ։ Խուզարկություններն արդյունավետ էին նաեւ զենք-զինամթերքի առգրավման առումով։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, այդ թվում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակներ, հրացան, տարբեր տեսակի ռազմամթերք եւ այլն։ Ձերբակալվել եւ նախաքննական մարմնին են ներկայացվել մի խումբ անձինք։

Տպավորիչ է նաեւ Շիրակի պարեկների՝ օրերս արձանագրած բացահայտումներից մեկը։ Նրանք գիշերային ծառայության ընթացքում Գյումրու Երեւանյան խճուղում ձերբակալել են երկու տղամարդու, որոնցից մեկը թմրանյութով փաթեթներ էր տեղադրում։ Տարածքի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին կշեռք եւ մարիխուանայի նմանվող զանգվածներով 16 փաթեթ, իսկ նրանց մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող զանգվածներով մի քանի տասնյակ փաթեթ կար։ Այդ դեպքից օրեր առաջ էլ Մուշի ոստիկաններն էին ձերբակալել թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդու եւ հետագա գործողություններով հայտնաբերել թմրամիջոցով հարյուրից ավելի փաթեթ։ Հետեւաբար, ակտիվացվելու եւ առավել պարբերական են դառնալու ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները, որոնց արդյունքների մասին հասարակությունը կիրազեկվի ամենօրյա ռեժիմով։

 

 

 

 

 

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

Ցավը կրծքավանդակում կարող է կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների հետ, բայց միշտ չէ, որ այն լուրջ հիվանդության ազդանշան կարող է լինել։

 

Անգամ եթե կրծքավանդակում առաջ եկած ցավն ուժեղ է, այն կարող է կապված լինել այնպիսի վիճակների հետ, որոնք լուրջ սպառնալիք չեն պարունակում։ Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ սթրեսի, տագնապայնության, երկարատեւ նյարդաբանական խախտումների հետ։

Ինչպե՞ս հասկանալ, որ կրծքավանդակում առաջ եկած ցավը վտանգավոր է։

Տեւողությունը. ուժեղ կայուն ցավը վկայում է բժշկի դիմելու անհրաժեշտության մասին. ասել են Times of India պարբերականի բժշկական փորձագետները։ Նրանք խորհուրդ են տվել դիմել օգնության, եթե ցավը հինգ րոպե հետո չի անցնում։

Ախտանշանները. եթե կրծքավանդակում առաջ եկած ցավը լուրջ խնդիրներ է ստեղծում, ապա հավելյալ կարող են առաջանալ՝

 

հեւոց

սառը քրտինք

սրտխառնոց

հոգնածություն

թուլություն, վատ զգացողություն

խառնափնթոր գիտակցություն

ձեռքերի, մեջքի, ծնոտի ցավեր։

 

Ինչի՞ մասին է վկայում կրծքավանդակում առաջացած ժամանակավոր անհարմարության զգացողությունը: Երբ ծակող ցավը կրծքավանդակում առաջ է գալիս հանկարծակի եւ շատ կարճ է տեւում (ակնթարթ), դա կարող է բացատրվել կողերի վնասվածքով կամ մկանների ձգմամբ, ինչպես նաեւ կրծքավանդակի բորբոքմամբ, ֆիբրոմիալգիայով կամ գոտեւորող լիշայով՝ հիվանդություն, որը նման է ջրծաղկին։

Կրծքավանդակի ցավ աջ կողմում. այն հաճախ կապված է թոքերի խնդիրների հետ, օրինակ՝ առաջ է գալիս թոքաբորբի կամ մեկ այլ թոքային վարակի դեպքում, ասթմայի նոպաների ժամանակ։

Կերակրափողի սպազմներ. գոյություն ունի խանգարում, որի դեպքում առաջ են գալիս կերակրափողի անոմալ վիճակներ. մարդը հանկարծակի ուժեղ ցավ է զգում կրծքավանդակում, որը տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ։ Այդ ցավը հեշտությամբ կարելի է շփոթել ստենոկարդիայի հետ։

 

 

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 2022Թ.-Ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին եւ առաջիկա ծրագրերին: Վարչապետին նախ ներկայացվել են 2022 թվականին կատարված շինբարեկարգման աշխատանքները: Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված, ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի: Ներկայացվել են նաեւ ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի: Ներկայումս ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքները: Վերջինիս կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երեւանում գործող 4 ՔԿՀ: Զեկույցի համաձայն՝ Քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, քանի որ ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի: 2022թ. կատարվել է 304 թարգմանություն:

Հանդիպմանը քննարկվել են օպերատիվ ստորաբաժանման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը, առաջարկվել է Կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստեղծման տարբերակը: Ներակայացվել են նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը. արդյունքում նախատեսվում է ստեղծել Կանոնակարգի կառավարման բաժին: Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել եւս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչեւ 58 մլն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում: Անդրադարձ է եղել նաեւ 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Մասնավորապես, նշվել է, որ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված եւ կալանավորված անձ: Ընդհանուր առմամբ, հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն՝ բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան: Քննարկվել են նաեւ ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր:




Լրահոս