ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է զեկույց ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։

 

Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ Արցախի ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում իրավասու մարմիններից եւ բաց աղբյուրներից։

Ըստ հավաքագրված փաստերի՝ նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում։

«Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր Արցախի ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի դիմաց։ Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան եւ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյան։

Հավաքագրված փաստերից հստակ երեւում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն եւ կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե, իբր, մեքենայով հայկական կողմը Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։

Մոտավորապես 30-40 րոպե երթեւեկելուց հետո մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթեւեկելի հատվածում շարված են քարեր, որոնք խանգարում են երթեւեկությանը: Մեքենան կանգ է առել։

Քարերի հետեւից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի 5 անդամներ՝ զինվորական հագուստով, դիմակավորված, ինքնաձիգերով զինված եւ ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղած։

Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաեւ ճանապարհի աջ եւ ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի եւս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե։

Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։

Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի եւ վարորդի մոտ նստած ուղեւորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում եւս ուղեւորներ կան։

Այնուհետեւ ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ հանցագործության վայրից դեպի ճանապարհի հանդիպակաց բարձունքում տեղակայված իրենց զինված հենակետեր։

Ադրբեջանցիների հետ քաշվելու ընթացքում հայկական կողմից բացված պատասխան կրակի հետեւանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր եւ վիրավորներ։

Ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։

Ռուսական կողմի միջամտությունից հետո ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշվել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված անդամներին եւ վիրավորներին։

Ռուսական խաղաղապահները Ա. Գասպարյանին եւ Դ. Հովսեփյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել հիվանդանոց:

Ադրբեջանական հարձակման հետեւանքով փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը տեղում զոհվել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում եւ գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Զեկույցը պատրաստվել է բաց եւ փակ տարբերակով` հայերեն եւ անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին եւ իրավապաշտպան կառույցներին»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի պաշտոնական կայքում:

 

 

 

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված են, 14-ը չեն հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս են գրվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ

Հաշվի առնելով ստեղծված վիճակը եւ տնտեսական շրջափակման հետեւանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը՝ մարտի 7-ից Արցախի Հանրապետության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նոր կարգի՝ ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել. հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500.000-1.000.000 դրամի չափով։

Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի եւ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։

Երեկ եւ այսօր կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո ԱՀ կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի։




Լրահոս