Կանանց նվիրված ամենասպասված տոնի՝ Մարտի 8-ի առթիվ թատրոնները շարունակեցին իրենց ակտիվ աշխատանքը եւ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետաքրքիր ներկայացումներ դիտելու առիթ ընձեռեցին: Ներկայացնում ենք սպասվող բեմադրություններից մի քանիսը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 8-ին ցուցադրվեց Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» երաժշտական կատակերգությունը: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի եւ մարդկության ճակատագրի հանդեպ։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն այցելելով՝ թատերասերները դիտեցին Ալեքսանդր Ցագարելիի «Խանումա» ներկայացումը: Վաճառական Միկիչ Կոտրյանցը` աղքատ կոշկակարի որդին, որը հարստություն է կուտակել եւ այժմ ունի սեփական գործարան ու զբաղվում է կոշիկի վաճառքով, երազում է իր դստերը` գեղեցկուհի Սոնային ամուսնացնել ազնվական մեկի հետ. իշխանական զինանշանի եւ կնիքի առկայությունը վեր է դասում սեփական դստեր երջանկությունից: Մեծ դժվարությամբ, բայց նրան հաջողվում է հարմար թեկնածու գտնել: Իշխանը թեեւ արդեն շատ ծեր է եւ ողջ հարստությունը վատնել է, բայց իսկական ազնվական է: Սոնան, սակայն, սիրում է իր ֆրանսերենի եւ երաժշտության ուսուցչին` Կոտեին: Սերը փոխադարձ է: Խանումա անունով կինը` քաղաքի լավագույն միջնորդը, խառնվում է նաեւ այս երիտասարդների գործին…
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնն իր հանդիսատեսին կներկայացնի «… եւ նորից Գարուն» բեմադրությունը, որի հիմքում աշխարհահռչակ ամերիկացի գրող Օ. Հենրիի հինգ նովելներն են, որոնք միմյանց հերթափոխում են տարվա եղանակների պես՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ եւ նորից գարուն… Դրանք սիրո, անձնազոհության, նվիրումի մասին պատմություններ են՝ գրված հումորով ու այնքան հանճարեղորեն պարզ, ինչպես կարող է միայն Օ. Հենրին: Հերոսները սխրանքներ են գործում, սիրում, ներում, երազում՝ չնկատելով, որ բնության օրենքներն են դրանց շարժառիթը: Ներկայացումը 9-ից 99 տարեկան հանդիսատեսի համար է:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հնարավոր է դիտել Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի համանուն ներկայացումը: Բեմադրության ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ այս պիեսը սկանդալային է համարվել, քանի որ այն դասակարգային խնդիրներ է առաջ քաշում: «Արգելված էր հակաֆեոդալական ազատամտության համար: Ինձ գրավում է, որ «Ֆիգարոյի ամուսնությունը» պատկանում է դասական կոմեդիայի ժանրին, ունի դասական կառուցվածք: Պիեսում կա ծավալ, որը թատրոնի դերասանին, ռեժիսորին հնարավորություն է տալիս երեւակայության, շարժման տեսանկյունից ճկուն, ակտիվ ներկայացում բեմադրել եւ խաղալ»,-ասում է Խաչատրյանը:
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կցուցադրվի «Հիշի՛ր վաղվա օրդ» ներկայացումը՝ ըստ Վինա Դելմարի: Այն հուզիչ պատմություն է ընտանիքի, ծնողների եւ զավակների հարաբերությունների մասին:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ ելույթ կունենա Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն, Թաթուլ Ալթունյանի անվան երգ-պարի համույթը:
Կանանց նվիրված յուրաքանչյուր տոն գեղեցիկ սեռի դերն ու նշանակությունն ընդգծելու, նրանց մեծարելու, սեր խոստովանելու առիթ է ընձեռում, եւ Մարտի 8-ը բացառություն չէ, սակայն այն ի սկզբանե այլ նշանակություն է ունեցել: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե գեղեցիկ սեռի, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, որոնք ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ:
ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՉՇՊԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մոդել, գործարար եւ ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման եւ վարսահարդարման։ Նա կադրը հրապարակել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։
42-ամյա Քիմ Քարդաշյանն ատամնաբույժի այցելության ժամանակ լուսանկարվել է աթոռին։ Նա կերպարանք է ընդունել բնական կերպարում։ Այնուամենայնիվ, որոշ երկրպագուներ առաջարկել են, որ լուսանկարը ռետուշ արվի հատուկ ծրագրերով. «Շատ գեղեցիկ է ֆիլտրերով», «Առանց ռետուշի հնարավո՞ր է», «Ինչո՞ւ ստել, որ սա ազնիվ սելֆի է»:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդային արշավում։ Բրենդին աջակցելու համար աստղը մեկնել է Իտալիա. փետրվարի վերջին Միլանում նա հայտնվեց Dolce & Gabbana բուտիկում, այնուհետեւ նորաձեւության տան ցուցադրությանը, հետո՝ նորաձեւության շաբաթվա շրջանակներում բրենդի մասնավոր երեկույթին: Նա ներկայացել էր ապրանքանիշի արխիվային կիպ զգեստով։
ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը հույս է հայտնել, որ Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապագայում կխաղա Հայաստանի հավաքականում։
«Կցանկանայի, որ Արսեն Զախարյանը ներկայացներ Հայաստանի հավաքականը։ Գլխավորն այն է, որ նա սրտանց ցանկանա ներկայացնել մեր երկիրը։ Եթե դա տեղի ունենա, Արսենը վստահաբար որակ կտա մեր հավաքականին։
Իհարկե, Զախարյանը եւ Սպերցյանը հեռու են Մխթարյանից։ Նա միակն է այդպիսին։ Ուրախ կլինեմ, եթե Արսենն ու Էդուարդը հասնեն հայկական ֆուտբոլի լեգենդի մակարդակին։
Ուրախ եմ, որ Նաիր Տիկնիզյանը դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող։ Նա հանդես է գալիս առաջատար ռուսական ակումբներից մեկում՝ Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Կարծում եմ՝ նա կօգնի մեր երկրին եւ մեր ազգային թիմին»,- ասել է Արաս Օզբիլիսը։
«Լոկոմոտիվի» 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական եւ կարող է նորամուտը նշել Թուրքիայի դեմ «Եվրո-2024»-ի ընտրական խաղում, որը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։
32-ամյա Օզբիլիսն (մարտի 9-ին կդառնա 33 տարեկան) այժմ ներկայացնում է Երեւանի «Ուրարտուն»։ Նա կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաեւ Մոսկվայի «Սպարտակում», Կրասնոդարի «Կուբանում», իսպանական «Ռայո Վալեկանոյում», թուրքական «Բեշիքթաշում», Տիրասպոլի «Շերիֆում», Երեւանի «Փյունիկում»։
ՉԱՎԻՆ ԱՐԺԱՆԻ Է
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ։
«Ես կարծում եմ՝ Չավին արժանի է երկարաժամկետ պայմանագրի։ Նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել, եթե նվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Բայց ես կարծում եմ, որ արդեն հիմա կարելի էր երկարաձգել նրա պայմանագիրը»,- ասել է Լապորտայը:
Չավիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
Իսպանիայի առաջնության 24 տուրից հետո «Բարսելոնան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։