ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՊ-Ի ՀԵՏ ԴԱՇԻՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն. «Նման քննարկում չի եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեջ, տեղեկություն չունեմ՝ ՔՊ-ում նման հարց քննարկել են, թե ոչ: Եղել է քննարկում, որ մենք շատ արդյունավետ այս մեկ տարին անցկացրինք: Դրա վառ վկայությունն այն է, որ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ամենաբարձր ցուցանիշն է  գրանցել վերջին 6 տարիներին. դա համատեղ աշխատանքի արդյունք էր՝ մեր՝ որպես ընդդիմության, իրենց՝ որպես իշխանության. սրա շուրջ է եղել քննարկում, այլ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ընտրություններն էլ սեպտեմբերին են, եւ որեւէ ուժ չկա, որն այս պահին կքննարկի դաշինքի հարց 6-7 ամիս հետո տեղի ունեցող  իրադարձությունների մասին»:

Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ չի կարող բացառել, քանի որ նրանց հետ համատեղ անցած ճանապարհ ունեն. «Մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ: Ես կարող եմ ասել է՝ ում հետ ենք բացառում որեւէ համագործակցություն՝ բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունները պատկերացնում են ոչ քաղաքական գործընթաց, առեւտրի առարկա կամ փող բաժանելու միջոց. այս ուժերի հետ հստակ բացառում ենք համագործակցությունը, իսկ այն ուժերը, որոնց հետ անցած քաղաքական ճանապարհ ունենք, նրանց հետ համագործակցությունը կարող է տարբեր ֆորմատներում տարբեր ձեւեր ստանալ, ուստի ես այս գլխից դա բացառել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը:

 

 

 

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին  գործերի  նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը  չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։ «Ժողովուրդ»  օրաթերթին  հասած  լուրերի համաձայն՝ ՔՊ-ի  ներսում  արդեն  խոսակցություներ  կան, որ  վարչապետը  Փամբուխչյանին  կտանի  կառավարություն՝ որպես  իր  խորհրդական , մինչեւ  նրա  համար նոր՝ առավել հարմար  պաշտոն  կգտնեն։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը  արգելել  է  իր  հարազատներին գնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական  հիմնարկ  կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» եւ տեսակցել իրեն: Բանն  այն  է, որ  իրավապահ համակարգը թույլ  է տվել, որ միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները  հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն  Տոնոյանը  հարազատներին արգելել է  իրեն  տեսակցության գալ: Նշենք, որ «Անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է: Մինչ օրս արգելված էր նրա որեւէ հարազատի տեսակցել Տոնոյանին: Այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում:

 

 

 

Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռեւս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։ Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու եւ նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների թիրախավորման համար: Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ Pegasus ծրագրով, գաղտնալսել են իր եւ իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները։




Լրահոս