«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ զրուցել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, բանակցությունների փորձագետ Խաչիկ Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին՝ համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից, ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:
-Արեւմտյան տարբեր հարթակներ երբեմն օգտագործում են այդպիսի կեղծ կատեգորիաներ զուտ կոնֆլիկտներն ու հակամարտությունները ավելի սրելու համար: Իհարկե, մի կողմից կարելի է կառչել ցանկացած հայտարարությունից, որոնք Արցախի ինքնորոշման մասին են, մյուս կողմից էլ՝ եթե կան այդպիսի հայտարարություններ, եւ այդ գիծն իրականում եվրոպացիների համար հիմնական ուղենիշներից մեկն է, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է վստահ գործեն եւ պահանջատեր լինեն, բայց կրկնում եմ՝ նման հայտարարություններն ինձ համար հուսադրող կամ ուղենիշային չեն, քանի որ ավելի շատ ուղղված են աշխարհաքաղաքական հակամարտություն բորբոքելու եւ հայկական քաղաքական ու հասարակական դաշտը հակառուսականությամբ լցնելուն:
-Պարո՛ն Գալստյան, մինչ եվրոպական տարբեր երկրներ ակնարկում են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հիշում ենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Ե՛ւ եվրոպական, ե՛ւ ռուսական հարթակներից պարբերաբար խոսվում էր այն մասին, որ արցախյան կոնֆլիկտը կարգավորված չէ: Կա նույնիսկ կարգավիճակի խնդիր, որն այժմ լուծելու պատեհ առիթը չէ, բայց այն անպայմանորեն բաց է մնում եւ պետք է տեղափոխվի հաջորդ քննարկումների դաշտ: Հայաստանի իշխանությունները մեկընդմիշտ ցանկանում են ազատվել արցախյան հիմնահարցից, փորձում են այն դուրս թողնել Հայաստանի ներքաղաքական օրակարգից: Իսկ նշաձողի իջեցման կեղծ թեզն անընդունելի է, ասեմ ավելին՝ եւ՛ ռուսական, եւ՛ եվրոպական բոլոր հարթակներում այս իշխանությունները, հրապարակավ բանակցելով, միեւնույն ժամանակ նրանք նաեւ ուղիղ կապ ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ, իսկ միջազգային հանրության հետ բանակցությունների հարթակն օգտագործում են Ադրբեջանի հետ ներքին պայմանավորվածությունները միջազգային լեգիտիմությամբ ապահովելու համար: Այս իշխանությունները ուղիղ համագործակցում են ադրբեջանական իշխանությունների հետ: Ադրբեջանն այսօր որպես հաղթած պետություն է դիրքավորվել, իսկ հաղթողների ողորմածությանը հանձնվելը, այն էլ՝ քո դարավոր հակառակորդների, ճիշտ չէ: Առհասարակ, Հայաստանի իշխանությունները թողել են Արցախի 120.000 արցախցիներին անելանելի վիճակում, որպեսզի նրանք ուղղակիորեն թողնեն ու հեռանան իրենց հայրենիքից կամ էլ հանձնվեն Ադրբեջանի ողորմածությանը, բայց այս անգամ միջազգային որեւէ երաշխիք չկա արցախցիների անվտանգության ապահովման համար:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՆԻՍՏԸ ՏԵՒԵՑ 7 ՐՈՊԵ
Կառավարության նիստը երեկ բավական կարճ տեւեց՝ մոտ 7 րոպե:
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին եւ ադրբեջանական վերջին դիվերսիային, ինչի հետեւանքով արցախցի երեք ոստիկան էր զոհվել:
Փաշինյանը այս միջադեպը որակեց Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչական ակտ:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հետ բանակցությունների վիժեցումը եւ ռազմական սադրանքի ֆոն ստեղծելն է:
Վարչապետը շեշտեց, որ այս իրավիճակում հրատապ է դառնում ԼՂ եւ Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից թերեւս կարելի է արձանագրել, որ հատկապես Արցախի շուրջ բանակցությունների մասով մեր վիճակը, մեղմ ասած, ոչ հուսադրող է. բանակցությունները գնալով փակուղի են մտնում:
Արցախի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներից հետո կառավարության նիստն ավարտվեց, վարչապետի առաջարկությամբ բոլորը հարցերը քննարկվեցին չզեկուցվող ընթացակարգով:
ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
ԱԺ նիստերի մեկնարկին ընդառաջ՝ գլխադասային հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրվանից նիստեր կգումարեն հետեւյալ հանձնաժողովները.
l մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը,
l Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին,
l Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին,
l մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նշենք, որ ԱԺ հերթական նիստերը կգումարվեն մարտի 21-ից:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը նախարարներից մի քանիսը գալու են խորհրդարան:
Մեր տեղեկություններով՝ ԱԺ են գալու ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ հենց Արարատ Միրզոյանն է գալու ԱԺ, սակայն վերջինս այդ օրերին այլ հանդիպումների է մասնակցելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում նախ քննարկվելու է նախարարությունների բյուջեի կատարողականը, որը լինելու է բաց:
Քննարկումից հետո փոխարտգործնախարարի հետ հնարավոր է լինի նաեւ փակ քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված:
ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ապրիլի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ ՖՈԳԻԵԼԻ գլխավորած պատվիրակությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակությանը դիմավորելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Աժ նախագահի կարգադրության համաձայն՝ պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: