ԱԼԻԵՒԻ ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում բացվել է 10-րդ գլոբալ համաժողովը, որի նշանաբանն է «Աշխարհն այսօր. մարտահրավերներ եւ հույսեր»:

 

Համաժողովին մասնակցում են մի շարք օտարերկրացի գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան ղեկավարներ, հանրային եւ քաղաքական հայտնի դերակատարներ, փորձագետներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը, Արաբական պետությունների լիգայի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպեսեւ ենթադրվում էր, նախագահ Իլհամ Ալիեւը բացման ուղերձում հիմնականում խոսել է ադրբեջանահայկական հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին:

Թերեւս հաշվի առնելով միջոցառման ներկայացուցչական բարձր աստիճանը՝ նա խուսափել է չափազանց ագրեսիվ ավանդական բառապաշարից ու Հայաստանի հասցեին սպառնալիքներից եւ ավելի շատ փորձել է ներկայանալ որպես խաղաղության գաղափարի ջատագով:

Նա ասել է, թե հակամարտությունները հնարավոր է լուծել երկու եղանակով՝ բանակցելով կամ ուժով: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանն ի սկզբանե խաղաղ կարգավորման կողմնակից է եղել, բայց, Ալիեւի որակմամբ, Հայաստանը դա չի գնահատել եւ մերժել է խաղաղության հնարավորությունը: Ալիեւը հերթական անգամ քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը:

Ալիեւը հայտարարում է՝ Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ ՄԽ-ն վերակենդանացնելու փորձերին։

«1992-ին, հենց ծագել է կոնֆլիկտը, ԵԱՀԿ-ն Մինսկի խումբն է ստեղծել, բայց այն 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի ահապովել, եւ մենք համոզվել ենք, որ խումբը ցանկանում է առհավետ սառեցնել այդ հակամարտությունը»,- ասել է Ալիեւը:

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը չէր կարող մերվել նման իրավիճակի հետ եւ ստիպված էր ուժով լուծել հակամարտությունը:

«Մենք արել ենք այն, ինչ ճիշտ ենք համարել, դիմել ենք ինքնապաշտպանության՝ գործադրելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ դրույթը, եւ ազատագրել ենք մեր տարածքները»,- ասել է Ալիեւը:

Ապա Ադրբեջամնի ղեկավարը խոսել է խաղաղության հեռանկարի մասին՝ նշելով, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու խոչընդոտներ չկան:

«Հայաստանը բաց է թողել հիրավի անկախ պետություն դառնալու շանսը եւ վերածվել է մի երկրի, հիմա գուցե արդեն մի քանի երկրների գաղութի»,- ասել է Ալիեւը՝ նշելով, որ գուցե այս անգամ Հայաստանն, այնուամենայնիվ, կփորձի օգտվել խաղաղություն հաստատելու հնարավորությունից եւ «կսկսի գործել իբրեւ հարեւան»:

Իլհամ Ալիեւը նաեւ «լուսավոր ապագա» է խոստացել Ադրբեջանի կողմից երեք ամիս շրջապատման մեջ գտնվող հայերին՝ ասելով, որ նրանք, իբր, լավ կապրեն:

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Իսկ Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ երկխոսության համար Հայաստանի վարչապետը դարձյալ անհրաժեշտ է համարում միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիսում այդ մասին հայտարարեց՝ առանց հստակեցնելու, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, որ պետության կամ միջազգային կառույցների միջոցով է ստեղծելու այդ մեխանիզմն ու ինչպես։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է հուսալի միջազգային մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու ու Ստեփանակերտ անխափան եւ ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Եվ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ», – ասաց Փաշինյանը։

Ն.Հ.

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿԱՀԻՐԵՈՒՄ

ԱՊԼ խորհրդի նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցեր:

Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի եւ առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրեդ Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս:

«Դրա հետեւանքը սարսափելի հակամարտությունն էր, այդ թվում՝ այժմ այդ տարածաշրջանում ապրող հայերի՝ 3 ամսվա շրջափակումը: Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, եւ ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք եւ մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին»,- ասել է կոնգրեսականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին։

 

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների եւ կազմակերպությունների նկատմամբ կանանց իրավունքները խախտելու համար: «Այսօր Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ռեժիմի մի քանի պաշտոնատար անձանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի բանտային համակարգի երկու բարձրաստիճան աշխատակիցների դեմ, որոնք պատասխանատու են եղել կանանց եւ աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»,- ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ Ֆինանսների նախարարությունը միջոցներ Է ձեռնարկել Իրանի բանակի գերագույն հրամանատարի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ղեկավարի, ինչպես նաեւ իրանցի մի պաշտոնյայի դեմ, որը «կենտրոնական դեր է խաղացել ռեժիմի կողմից համացանց մուտքն արգելափակելու գործում»։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական երեք ընկերություններ եւ դրանց ղեկավարներն այն բանի համար, որ նրանք նպաստել են «Իրանի իրավապահ մարմինների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ բազմաթիվ կանանց եւ աղջիկների նկատմամբ խիստ բռնաճնշումներին»: «Սա OFAC-ի պատժամիջոցների տասներորդ փուլն է՝ ուղղված իրանական ռեժիմի դեմ 2022 թ.-ի սեպտեմբերին համազգային բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների եւ Իրանի ժողովրդին գլոբալ ինտերնետի հասանելիությունից զրկելու համար»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում մարտի 9-ին հյուրընկալվեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի պատվիրակությունը՝ վարչության նախագահ Սերգեյ Մայորովի գլխավորությամբ։ Կառույցն ամենախոշորն է Ռուսաստանի 48 համանման կլաստերների մեջ՝ իր 300-ից ավելի ընկերություններով, 25 երկրներ ներկայացնող 500-ից ավելի կազմակերպությունների հետ համագործակցության համաձայնագրերով։ Ներկայացնելով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործունեության ուղղությունները՝ ՀԱԳՄ նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ տարբեր երկրների հետ Միության կողմից իրականացվող համագործակցությանը, երկկողմ համատեղ ծրագրերի հնարավոր ուղղություններին։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու ՌԴ Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի միջեւ ստորագրվեց Համագործակցության համաձայնագիր, որով կողմերը մասնավորապես պայմանավորվում են իրականացնել առեւտրային, տեխնիկական եւ համապատասխան տեղեկությունների պարբերական փոխանակում, կազմակերպել համատեղ միջոցառումներ, իրականացնել խորհրդատվական եւ աջակցության ծառայություններ։




Լրահոս