ԶԻՆՎՈՐԻՆ ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։

 

2023թ. մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինքնասպան եղած զինվորը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, 19 տարեկան էր:

ArmLur.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը պատմեց, որ Անդրանիկ Օհանյանը գյուղի ակտիվ երիտասարդներից էր, ուներ հայր, մայր, քույր եւ եղբայր:

Համայնքապետի խոսքով՝ Անդրանիկը միջին ապրուստով ապրող ընտանիքից էր, անասնապահությամբ էր զբաղվում:

Տղայի ծառայությանը մնացել էր 6 ամիս. «Շատ նորմալ ու լուրջ տղա էր, ակտիվ, որեւէ խնդիր չի ունեցել, մասնակցում էր գյուղում կազմակերպվող միջոցառումներին»:

Նախաքննական մարմինը դեպքից հետո առգրավել է զինվորի հեռախոսը, որտեղ եղել են զինվորի եւ նրա ընկերուհու խոսակցություններն ու նամակագրությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարցաքննել են զինվորի քրոջը: Վերջինս պատմել է, որ դեպքից առաջ եղբայրը զանգահարել է իրեն եւ ասել է, եթե իր հետ որեւէ բան պատահի, չմեղադրեն իր նախկին ընկերուհուն եւ նրան նեղություն չտան:

Զինվորի քույրը իրավապահներին հայտնել է, որ եղբոր այս խոսքերին լուրջ չի վերաբերվել, քանի որ եղբայրը մինչ բանակ գնալն էլ վիճել է ընկերուհու հետ, նորից ասել էր, որ վերջ կտա իր կյանքին:

Նշենք, որ 4 ամսից զինվորը ավարտում էր իր ծառայությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ Է ԼՐԱՑՎՈՒՄ

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպման գործառնություններում։ Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։

 

Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական բեռների համար մեկ տարանցիկ հայտարարագիր ներկայացնելով, լրացման ժամկետի արդյունավետությունը բարձրացել է 2- ից 2.5 անգամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, ձեւակերպվել է 1270 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1270 բեռնատար տրանսպորտային միջոց եւ 2170 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ որոշմանը նախորդող նույն ժամանակահատվածում ձեւակերպվել է 1744 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 895 տրանսպորտային միջոց: Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձեւակերպումների վրա սահմանային մաքսային մարմնում ծախսվող ժամանակը կրճատվել է 40-ից 50 տոկոսով։  Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, ձեւակերպվել է 628 տարանցման հայտարարագիր, սպասարկվել՝ 592 բեռնատար տրանսպորտային միջոց եւ 2020 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող համադրելի ժամանակահատվածում լրացվել է 1083 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 472 տրանսպորտային միջոց: Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եւս էապես կրճատվել է հավաքական բեռների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը 50-ից 60 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, ձեւակերպվել է 1365 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1279 տրանսպորտային միջոց եւ 1711 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող նույն ժամանակահատվածում Մեղրիի մաքսային կետ-բաժնում լրացվել է 1287 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1054 բեռնատար տրանսպորտային միջոց:

 

 

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղեւորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձեւանմուշ եւ չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված եւ գործող օրենսդրությամբ սահմանված ձեւաթղթին։

Պարզվել է նաեւ, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չի եղել նախատեսված նույնականացման համարի գործարանային համապատասխան պիտակավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ, եւ բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել

է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղեւորային հայտարարագիր չի լրացվել։

Այսինքն՝ տվյալ մեքենան վարող քաղաքացին տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս խաբեությամբ օգտագործել է մաքսային եւ այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։

Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային եւ այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով. նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո իրականացվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի եւ դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված 11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին ուղարկվել են համապատասխան հարցումներ։

 




Լրահոս