Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է կառավարության տարածած հաղորդագրությունից, գործադիրը հավանություն է տվել ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները. վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Ըստ հիմնավորման՝ մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ եւ կարգավորումներ:
Առկա իրողություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
Ն.Հ.
ԱԶԱՏՎԵՑԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ
Կառավարությունն իր մարտի 9-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերությունների:
Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
«ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական բամբակի եւ բամբակյա չոփիկների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երեւանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչեւ 100-130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 241 մլն դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումով նախատեսվում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղեւորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։ Ծառայությունները մատուցվելու են ՀՀ տարածքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1,27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ մինչեւ 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 127 մլն դրամ:
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ՄԻԼԼԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԻԼԼԿԱԹ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սերուցքային կարագի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երեւան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 29 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.4 մլրդ դրամ:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կառավարությունն իր մարտի 9-ի նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչեւ 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող եւ գյուղաբնակ, եւ 2023 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ):
Սահմանվել է, որ, բացի ինքնաշխատ եղանակից, խնամքի նպաստի չափը փոխվում է նաեւ այն դեպքում, երբ ներկայացվել է ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Սահմանվել է նաեւ, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:
ՏՈՒՐԻԶՄԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է
2022թ. գրանցվել են ոչ վատ ցուցանիշներ. Հայաստան է այցելել ավելի քան 1,66 մլն տուրիստ. այլ բան է, թե ինչ պայմաններում է այս թիվը գոյացել՝ կրկնապատկվելով 2021թ. համեմատ. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 9-ին ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ապրեսյանը նշել է, որ 2022թ. այցելությունների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանի զբոսաշրջիկներին, մասնավորապես՝ ռուսաստանցիների այցելությունների երկու ալիքներին։ «Առաջինը՝ 2021թ. փետրվար-մարտին, երբ նոր էր սկսվել ուկրաինական ճգնաժամը։ Երկրորդ ալիքը պայմանավորված էր Ռուսաստանում հայտարարված զորահավաքով։ Այդ երկու ալիքներին բաժին է ընկել մոտ 100-120 հազար այցելություն»,- նշել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նպատակ է դրել մինչեւ 2026թ. կրկնապատկել այցելությունների թիվը՝ հասցնելով 2,5 մլն մարդու՝ կարծիք հայտնելով, որ արդեն այս տարի ցուցանիշը կարող է մոտենալ 2019թ. տվյալներին (1,9 մլն տուրիստ), իսկ 2,5 մլն ցուցանիշը հանգիստ կարելի է ապահովել առաջիկա երկու տարվա ընթացքում։ Մեխակ Ապրեսյանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, եթե դրան պատրաստ չլինենք։