ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԱՐՏԻ 8-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին ամբողջ աշխարհում տոնվում էր կանանց միջազգային տոնը: Հայաստանում մեկնարել է կանանց միամսյակը. մեկամսյա տոն, որն է՛լ ավելի է գեղեցկացնում եւ նոր երանգ հաղորդում գարնան զարթոնքին: Մարտի 8-ին, ավանդության համաձայն, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե հայ հայտնիներից ով ինչպես է շնորհավորել Մարտի 8-ը:

 

Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ եկել է Հայաստան՝ հրապարակելով «Սթորի» ինստագրամյան իր էջում: «Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում, ու ո՛չ Մարտի 8-դ է գալիս, ո՛չ նորաձեւության շաբաթը: Սա է դարձել մեր իրականությունը, որի մեջ սովորում ենք ապրել: Շնորհավոր մեր բոլոր ուժեղ ու պայքարող կանանց տոնը»,- գրել է նա:

«Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդն ընդգրկում է նաեւ կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների եւ ազատ կամքի դրսեւորման համար: Թող բարին ու հաջողությունը լինեն մեր մշտական ուղեկիցն ամենուր։ Եղե՛ք նախաձեռնող»,-գրել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, հրապարակել է աղջիկների հետ լուսանկար՝ շնորհավորելով կանանց եւ աղջիկների Մարտի 8-ը: «Շնորհավոր, սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր: Լիքը սեր եմ մաղթում բոլորիս: Խնդրում եմ, ինձ մի՛ tag-եք այնպիսի post-երի վրա, որտեղ ասվում է «կանանց տոնը 1 օր չէ, այլ տարին 365 օր»: Նախ արդարության համար ֆիքսենք, որ կանանց եւ աղջիկների տոն գոնե կա, իսկ տղամարդկանց կամ հայրերի օր մեզ մոտ չկա: Ես սրտանց ուզում եմ, որ հատուկ օրեր չլինեն իրար հարգելու, սիրո խոսքեր ասելու համար, բայց եթե 365 օր տոն լինի, դա չի լինի յուրահատուկ, այլ կլինի սովորական: Դրա համար կա ծնունդ, Մարտի 8, որպեսզի մենք մեզ special զգանք եւ ապրենք յուրահատուկ զգացողություններ, օրը լցվի գեղեցկությամբ, ծաղիկներով, սիրով»- գրել է նա:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Մնում է հասկանանք՝ վերջը մարտի 7, մարտի 8, թե, օրինակ, ասենք, մարտի 9-ը: Հիմա լուրջ. ամեն ինչ հնարավոր է կյանքում՝ ահավոր վատից մինչեւ անասելի լավը, անսպասելի երջանկությունից մինչեւ անհավանական սերը: Ամեն բան: Բայց կարեւորագույնը՝ բոլոր ցավերից ու կորուստներից հետո անգամ երեխայի պարզությամբ ժպտացող կինն է: Արցունքները աչքերի փայլի հետեւում թաքցրած, ժպտացող կինը, էն կինը, որն ընկեր է, բժիշկ կամ հոգեբան, տնային տնտեսուհի կամ օսկարակիր դիվա, հերոսածին մայր է կամ լռությամբ քեզ հասկացող քույր, քո երեխան է կամ երեխայիդ մայրը: Կինն Է, որը կողքիդ է, ինչ էլ որ լինի, ով էլ որ լինես, որքան էլ որ մոլորվես կամ վերաձեւավորվես: Ուղղահայաց ութը հորիզոնական ամվերջությունն է: Մարտի ութը կնո՛ջ անվերջության նշանն է, աշխարհի գոյաբանական իմաստի ու անհատնում սիրո անվերջությունն է, համբերության ու ներումի՜ անվերջությունն է, չսպառվող Սիրո ու նոր ծնունդի հավերժությունն է: Չգիտեմ՝ այս տոնն ինչի մասին է, բայց հստակ գիտեմ, թե կինն ինչի մասին է: Հերոսածին մայրերի եւ մայրերի օրհնված ամեն վայրկյանը բոլոր հավերժություններում շնորհավոր: Կարոտի անվերջությունը միայն սիրո հավերժությամբ կփարատվի: Մենք սիրում ենք Ձեզ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԿԻՆՆ ԻՄ ՄՈՒՍԱՆ Է» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը: Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում հավաքվել էին Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. ցուցադրվեցին նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով. դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաեւ երևակայական, հորինված կերպարներ:

 

Վլադիմիր Սմբատի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1941, Բջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հուլիսի 8, 2020[1], Երեւան, Հայաստան)՝ հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)։ 1966 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1973-1976 թվականներին դասավանդել է գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1975 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1980-1991 թվականներին եղել է ՀՀ ռադիոհեռուստապետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների բեմադրող-նկարիչ, 1995-1999 թվականներին` «Արեւիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1993-1995 թվականներին եղել է ՆԳ «02» շաբաթաթերթի գեղարվեստական խմբագիր։ 1999 թվականից դասավանդում է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան)։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» եւ «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» եւ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին: Նիստում քննարկվել է նաեւ 28 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանց թվում են պատմության եւ մշակույթի այնպիսի կարեւորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ինչպիսիք են Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին» (IV-VI դդ., վերակառուցվել է X-XIV դդ.) եւ «Սբ Հովհաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գեւորգ (Ծիրանավոր Սբ Գեւորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը եւ Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը եւ այլն: Ըստ սահմանված կարգի՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների եւ տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Դրական եզրակացություն է տրվել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում գտնվող Գետահովիտ-1 եւ Գետահովիտ-2 քարայր-բնակատեղիներն ու հարակից տարածքներն օգտագործման հանձնելու հարցին:

 

 

 

ԿՍՏՈՐԱԳՐՎԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան երկկողմ համագործակցության եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Վրաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաեւ փոխըմբռնման հուշագիր Երեւանի պետական համալսարանի եւ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջեւ: Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի եւ Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջեւ համագործակցության վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաեւ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության գործերի նախարարության միջեւ Հայաստանում եւ Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր:

 




Լրահոս