ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 14

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք իրականությանը կրկին չեն համապատասխանում: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։ Նման մանիպուլյատիվ հայտարարություն 2022 թվականի ապրիլի 27-ին արել էր նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Փաստերն իրականում այլ բան են ասում: Ըստ SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հայաստանը սպառազինության ձեռք բերման ծավալները մեծացրել է՝ հատկապես սկսած 2016-ից՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի տարիներին։ Եթե միայն քանակի մասով համեմատենք, ապա, Civilnetcheck-ի տվյալների համաձայն, Սարգսյանի տարիներին ավելի շատ զենք է ձեռք բերվել:  Հստակ նշել, թե որ կառավարչի օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ, քանի որ Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։ SIPRI-ի բազայում առկա են 2019-ին Ռուսաստանից գնված չորս «Սու-30» կործանիչների գինը՝ 120 մլն դոլար, եւ 2020-ին Հնդկաստանից գնված չորս Swathi ռադիոլոկացիոն կայանների գինը՝ 40 մլն դոլար։ Այսինքն՝ հստակ նշել, թե որ կառավարչի օրոք որքան գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. եւ 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի  եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է եւ չհիմնավորված։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու ընտրություններին ընդառաջ «փնտրտուքների» մեջ է. կուսակցությունը փնտրում է մարդկանց, որոնք կհամալրեն ավագանու ցուցակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանն  ու Մեսրոպ Առաքելյանը  այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում, նրանց առաջարկում են ավագանու անդամ լինել իրենց կուսակցությունով, սակայն կտրուկ մերժում են ստանում: Բանն այն է, որ փորձում են ցուցակը համալրել հայտնի դեմքերով, սակայն ում առաջարկում են համալրել իրենց ցուցակը, գրեթե բոլորը հրաժարվում են: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանից։ Վերջինս նախ ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք, սակայն դրանց ծանոթանալուց հետո հրաժարվեց մեկնաբանել: Մեր բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան, ինչը եւս մեկ անգամ հիմնավորում է մեր տեղեկությունները: Ըստ էության, եթե մեր տեղեկությունները հիմնավոր չլինեին, կուսակցության խոսնակը կշտապեր հերքել այն, այլ ոչ թե կխուսափեր հարցերից:

 

 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում: Մասնավորապես, փոփոխությամբ հնարավոր կլինի վերահսկել տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ստանդարտներին: Մյուս կողմից՝ ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Նկատենք՝ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները եւ հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները ունենում են պարտքեր, եւ այս կարգավորումը կարծես թե եւս մեկ միջոց է  ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. մի երեւույթ, որ ողջ կյանքը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր:

 

 

 

Գլխավոր դատախազությունն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ: Ինչպես հայտնի է, Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ինքնաբացարկ էր հայտնել «Սիլ պլազա» ՍՊԸ-ի գործով։ Բանն այն է, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Անի  Հարությունյանը չի  կարող  քննել այս  գործը, քանի որ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել դատավոր  Անի  Հարությունյանի նկատմամբ։ Թեեւ այդ հետապնդումը կապ չուներ դատավորի գործունեության հետ, սակայն «Սիլ Պլազայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ այս գործով կայացվելիք դատական ակտը կարող է օբյեկտիվ չլինել։ Այս ամենից հետո Անի Հարությունյանը ինքնաբացարկ հայտնեց, սակայն Գլխավոր դատախազությունը չի հաշտվել դատավորի այս որոշման հետ եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:




Լրահոս