ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

 

-Պարո՛ն Հակոբյան, Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն կողմերին այդպես էլ չի հաջողվում դրա կետերի շուրջ համաձայնության գալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցություններն այս պահին:

-Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն արդեն դուրս են եկել ինչ-որ մի փաստաթղթի վրա. գուցե, դա դեռեւս շրջանակային է: Կարծում եմ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ կողմերն այլեւս իրար հետ չեն էլ հանդիպում, այլ օնլայն ռեժիմով են քննարկումներն անում: Սովորաբար օնլայն ռեժիմով  քաղաքականության մեջ քննարկում են այն փաստաթղթերը կամ այն տարբերակները, որոնց շուրջ արդեն համաձայնություն կա, եւ խնդիրը ավելի շատ դետալների մեջ է: Խոսքը ոչ թե կոնտենտային դետալների մեջ է, այլ տեխնիկական խնդիրների՝ ստորակետեր  կամ խմբագրական հարցեր: Ինձ մոտ տպավորություն է, որ կողմերը դուրս են եկել  ինչ-որ տարբերակի վրա, հիմա նաեւ արեւմտյան միջնորդները շտապեցնում են նրանց՝ անընդհատ դրդելով, որպեսզի հանդիպումներ լինեն:

Կարծում եմ՝ այս աժիոտաժը, այդ թվում՝ Ադրբեջանի կիրառած գործիքակազմը՝ կրակոցները, ճնշումները եւ սպառնալիքները, հենց դրանով են պայմանավորված, որ Ադրբեջանը շտապում է եւ փորձում է հնարավորինս արագ դուրս գալ ստորագրման վրա: Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված նաեւ, որ չկա որոշակիություն միջազգային հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության շուրջ. քանի դեռ  այդ անորոշությունը կա, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ եւ որքան հնարավոր է շուտ որսալ խաղաղության պայմանագիրը:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեր խոսքում նշեցիք, որ, Ձեր տպավորությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն համաձայնության են եկել ինչ-որ փաստաթղթի շուրջ:

-Խնդիրը հենց նրանում է, որ որոշակի պայմանավորվածություններ եղել են. դա ոչ միայն իմ տպավորությունն է. եթե հիշում եք, Մյունխենում Ալիեւը դրա մասին խոսեց, որ առաջխաղացում կա բանակցություններում, բայց ոչ ամբողջովին, այսինքն՝ կան որոշակի կետեր, որը Ադրբեջանին բավարարում է: Ալիեւը նաեւ տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին զիջողական են տրամադրված, հասկանում է, որ ճնշումներն աշխատում են: Այն, որ ինչ-որ փաստաթղթի վրա դուրս են գալիս, որոշ ժամանակ առաջ ասաց նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Կարծում եմ, որ միջնորդները, որոնք շտապեցնում են կողմերին, նաեւ տեսնում են, որ որքան էլ Հայաստանը զիջում է, փորձում է ընդառաջել Ադրբեջանի պահանջներին, Ադրբեջանի ախորժակն ավելի է  բացվում, ուզում է ավելին ստանալ. միջնորդները հասկանում են, որ այսպես խնդիրը հնարավոր չի լինի լուծել:

Ես կարծում եմ նաեւ, որ փաստաթղթի ստորագրումը կախված է ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի  ցանկություններով, որքան երրորդ կողմի ցանկությամբ. այստեղ շահագրգիռ շատ խաղացողներ կան, որոնց մի մասին բանակցային ընթացքը չի բավարարում, չի բավարարում նաեւ միջնորդների թվի ավելացումը; Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանին եւ Իրանին, որոնք ասում են՝ արեւմտյան կողմի ներգրավվածությունն իրենց չի բավարարում: Իրանը միշտ ասել է, որ իր համար անընդունելի է արտառեգիոնալ խաղացողների ներգրավվածությունը, իսկ ռուսները բացահայտ ասում են, որ Արեւմուտքի նպատակը իրենց  տարածաշրջանից դուրս մղելն է: Այս իրավիճակում արտաքին խաղացողների մի մասը կարող է իր դերն ունենալ եւ թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը ինչ-որ լուծման գան:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ՝ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից, հավաքագրել է, թե 2018-ի իշխանափոխությունից մինչեւ այս պահը՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի դեպք է գրանցվել: Այսպես, ըստ razm.info կայքում հրապարակված տեղեկատվության՝ 2018-ին ու 2019-ին ՀՀ ԶՈւ-ում զոհերի թիվը համապատասխանաբար 63 եւ 49 է եղել: Նշենք, սակայն, որ Փաշինյանը 2018-ի մայիսից է ստանձնել ՀՀ կառավարումը:

 

2020-ին, բացի պատերազմի հազարավոր զոհերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած տվյալների՝ պատերազմական գործողություններով չպայմանավորված՝ 100 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: 2021-ին խաղաղ պայմաններում 65 զինծառայող է զոհվել. տեղեկությունը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է ներկայացրել մի հարցազրույցի ժամանակ: Նախորդ՝ 2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի սեպտեմբերի 13-14-ի ռազմական էսկալացիայի հետեւանքով ունեցած մոտ երեք հարյուր զոհերը, խաղաղ պայմաններում, ըստ կայքերից մեկի ներկայացրած տեղեկատվության, բանակում մահվան 51 դեպք է գրանցվել (3 ամսվա տվյալները բացակայում են): Ամենասարսափելին, ցավոք, 2023-ի հենց սկզբին գրանցված դեպքն էր՝ Գեղարքունիքի մարզի ողբերգությունը, ինչի ժամանակ ժամկետային 15 զինծառայող հրդեհի զոհ դարձավ:

Այս տարվա երրորդ ամիսն է արդեն, եւ Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել ոչ հակառակորդի կրակոցից։  Այսպես, ի մի բերելով վերոգրյալ թվերը՝ մոտավոր այսպիսի պատկեր է ստացվում. Նիկոլ Փաշինյանի կառվարումից ի վեր՝ առ այս պահը, խաղաղ պայմաններում (չհաշված 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմները) 348 զինծառայող է զոհվել:

Եթե այս թիվը համեմատելու լինենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը եղած նախորդ 4 տարիների հետ (այդ ժամանակ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր), ապա նորից, ըստ razm.info.am-ի ներկայացրած տվյալների, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը չհաշված, Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 348:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԳԼԽԻ ԳԱԼԻՔԸ

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության  նախկին  նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն  Թորոսյանի  շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում  ձերբակալվի:  Երեկ նախաքննական  մարմինը՝ Հակակոռուպցիոն  կոմիտեն, ձերբակալեց  Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի  որ  Սիմոնյանը  առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանի օրոք նրա տեղակալն  էր:  Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները  ինտենսիվ շարունակվում են: Մեզ  հասած  տեղեկությունների  համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝  նախարար  եղած ժամանակ  դարձյալ փոխնախարար է եղել եւ Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ  հասած  տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն  հարցաքննել  են, իսկ  թե  ինչ  կլինի,  ցույց կտա  ժամանակը:  Շղթան այսքանով  չի  ավարտվում: Հարցաքննվել են  նաեւ 5 հիվանդանոցի  տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:  Հարցաքննվել են  նաեւ առողջապահության  արդեն նախկին  նախարար  Թորոսյանի  աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից  Լուսինե  Քոչարյանը  եւ  Ծաղիկ Վարդանյանն անգամ  առերեսվել են:  Այսպիսով, նախկին  նախարար  Արսեն  Թորոսյանի գլխին սեւ ամպեր  են կուտակվում, քանի  որ, մեզ  հասած  բացառիկ տեղեկությունների  համաձայն, նրա  դեմ  ցուցմունք  տվողներ  կան, ինչը  ենթադրել է  տալիս, որ Թորոսյանը եւս  առաջիկայում գուցե ձերբակալվի: Հիշեցնենք, որ Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային  բոլորին  թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է  ղեկավարել  ու  կազմակերպել  թալանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ իրավապահները  Թորոսյանի  գործունեության շուրջ միայն  Քովիդի  գործընթացով չէ, որ բացահայտումներ են արել:

Այլ նորություններ էլ կան, որոնց մասին  կներկայացնենք  առաջիկայում:

Հիշեցնենք, որ  դեռեւս  անցած տարի՝  նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը  գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:

Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:




Լրահոս