Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին առավոտից տարածվող տեղեկությունները կեսօրին հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ անցնող ամիսների ընթացքում Հայաստանը մերժել էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, դրան հաջորդեց նոյեմբեր ամսին նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Այս տարի՝ հունվար ամսին, հայտնի դարձավ նաեւ այն, որ Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել ՀԱՊԿ «Անկոտրում եղբայրություն» խորագիրը կրող զորավարժությունները ՀՀ տարածքում:
Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում ընթացիկ տարում Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, եւ այդ զորավարժությունները ՀՀ-ում համենայնդեպս այս տարի չեն կայանա»,- հայտնել էր Փաշինյանը:
Այս տեմպով շարունակվելու դեպքում Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը կսկսի ընդհանրապես արհեստական բնույթ կրել, ապա անդամակցությունը դադարեցնելը պարզապես կդառնա կարճ տեխնիկական հարց: Խրամչիխինը չի բացառում նաեւ, որ այս քայլով հայկական կողմը փորձում է հաճոյանալ Արեւմուտքին, քանի որ եթե Հայաստանը վերջնականապես աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում՝ Արեւմուտքի օգտին, Արեւմուտքն ակնկալում է, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:
Ընդհանրապես ՀԱՊԿ-ը մշտապես էլ խնդրահարույց է եղել իր բնույթով, ՀԱՊԿ աշխատանքներում մշտապես տարաձայնությունների լուրջ գործոն է եղել, սակայն դա հնարավորինս հարթվել է Ռուսաստանի կողմից: Եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ը լքելուն վերաբերող հայտարարություններ կամ ակնարկներ Արեւմուտքի կողմից հնչել են, բայց Արեւմուտքի կողմից չկան նաեւ հստակ այլ երաշխիքներ, իսկ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը չափազանց փխրուն ու անկայուն է։
ԵՄ առաքելության մուտքը ՀՀ եւս առանցքային իրադարձություն էր, որը Հայաստանի կողմից որոշակի անվտանգային մեխանիզմ է դիտարկվում. Հայաստանում հույս ունեն, որ ապագայում ՀՀ-ն ավելի լուրջ անվտանգային երաշխիքներ կստանա Արեւմուտքից, այդ պատճառով ՀԱՊԿ-ի ուղղությամբ անընդհատ նման քայլեր են նախաձեռնվում, եւ սա կշարունակվի:
Եթե Ռուսաստանի օգտին իրավիճակ փոխվի, գուցե այս գիծն այս ձեւով չշարունակվի, սակայն սա Հարավային Կովկասում մեր տեսած ամենաթեժ աշխարհաքաղաքական պայքարի փուլերից է, երբ Արեւմուտքը որոշակի հաջողություններ է գրանցել աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցում, որն էլ իրեն զգացնել է տալիս։
Ն.Հ.
ԱՅՑԵԼԵԼ Է ԼԱՉԻՆԻ ՍԿԶԲՆԱՄԱՍ
Դեսպանը Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթեւեկության համար. այս մասին հայտնում է Երեւանում ԱՄՆ դեսպանատունը:
Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաեւ անդրադարձավ շրջափակման հետեւանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել Հայաստանի տնտեսության առկա միտումները: ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։
ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների եւ ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր:
ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ապրիլի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ ՖՈԳԻԵԼԻ գլխավորած պատվիրակությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությանը դիմավորելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: ԱԺ նախագահի կարգադրության համաձայն՝ պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հյուրընկալել եմ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության եւ զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արեւիկ Անափիոսյանին։
Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչեւ «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ընդգծել ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ եւ ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար։ Ի հավելումն՝ շեշտել ենք, որ, չնայած պարտադիր լինելուն, Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռեւս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Անդրադարձ ենք կատարել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը եւ ընդգծել հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը»։
ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ «ՉՈՒՊԱՉՈՒՊՍ» Է ՆՎԻՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը իր բացառիկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել: Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով: Տոպրակները նա վերցրել է ԱԺ աշխատակազմից, քանի որ ԱԺ-ն պարբերաբար պատվիրում է տոպրակներ եւ ունենում պահեստում՝ տարբեր հյուրերի կամ այցելությունների ժամանակ ինչ-որ բան նվիրելիս կիրառելու համար: ՔՊ-ական կանայք ծաղրել են Արշակյանի այս քայլը, իսկ ոմանք էլ պարզապես աղբն են նետել ԱԺ փոխնախագահի նվիրած չուպաչուպսերը՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ: ՔՊ-ական կանայք խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին նման նվերներ չեն տալիս։ Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ փորձում էին երեկ արդարացնել Արշակյանին, թե նա 1 շաբաթով Հնդկաստանում էր, գուցե օգնականները կամ փոխնախագահի աշխատակազմն է կազմակերպել այդ ծաղրանքը: Ամեն դեպքում, խայտառակություն են բնութագրում ՔՊ-ում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նվերը կին գործընկերներին: