ԿԵՂԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 108 տուժողից խարդախությամբ շուրջ 101 մլն ՀՀ դրամի գույք եւ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 40-ամյա բնակիչը 2020թ. ամռանը 32-ամյա ծանոթից առաջարկ է ստացել ստանձնել վերջինիս կողմից հիմնադրված եւ տնօրինվող կեղծ վարկային ընկերությունների գրասենյակների տնօրենի գործառույթը։

Առաջարկն ընդունելով` 40-ամյա տղամարդը 2020թ. հունիսից 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, համաձայնեցված համախոհությամբ, 47 եւ 22-ամյա երկու կանանց եւ ինքնությունները չպարզված այլ անձանց հետ ծանոթի կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 14 տարբեր անվանումներով իբրեւ վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցած էջերով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հայտարարությունների հիման վրա՝ իրենց դիմած եւ վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրեւ վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող, նախապես Երեւան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե, իբր, ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկային  գումարների ուղղակի կամ անուղղակի ձեւով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու եւ գումարը տրամադրելու եղանակով ստացումը: Այնուհետեւ հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային եւ առեւտրային կազմակերպություններ եւ չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները։ Ապա խաբեությամբ ներկայացրել են, թե, իբր, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն այդ գումարները չեն տրամադրել եւ հափշտակել են:

Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված «Մոբայլ բանկինգ» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ։ Չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել, եւ փոխանցելով այլ անձանց հաշիվների՝ հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձանց կողմից գործադրված խարդախության վերոնշյալ սխեմայի կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101.182.461 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն եւ հիշյալ երկու կանանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Երկու կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, տղամարդու նկատմամբ բացակայելու արգելքը եւ գրավը՝ 2 միլիոն դրամի չափով:

Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մեղադրյալներից մեկի՝ հիշյալ 32-ամյա ծանոթի մասով քրեական գործի նախաքննությունը եւս ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

 

 

 

ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

 

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում, հայտնաբերվել է նաեւ 3 հազար 428.23 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

2023 թվականի փետրվարի 8-ին, հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարել է Քննչական կոմիտեում

ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու հերթական ընդունելությունը։

Անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2023թ. մարտի 31-ը՝ ամեն աշխատանքային

օր: Ընդ որում, փաստաթղթերի ընդունման գործընթացը դյուրինացնելու նպատակով նախատեսվել է, որ փաստաթղթերը՝ ծրարավորված, դիմորդները պետք է գցեն ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:

Ընդունելության գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ քննչական կոմիտեում (ք. Երեւան, Մամիկոնյանց 46/5):

Գրավոր քննությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, որոնք կներկայացնեն պահանջվող փաստաթղթերը եւ միաժամանակ կբավարարեն «Հայաստանի

Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված

պահանջներին:

Գրավոր քննության հարցերը կազմված են ՀՀ քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի եւ քրեագիտության բնագավառներից։ Գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն: Ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, դիմումների ընդունման, ինչպես նաեւ գրավոր քննության ընթացակարգերին, համապատասխան կոնտակտային տվյալներին եւ հետաքրքրող այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում զետեղված  հայտարարությունից։

 

 

 

ԳՈՂԱՑԵԼ Է ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23:00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն եւ բռնություն գործադրելով՝ պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետեւ հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր:

40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 




Լրահոս