«Հովեր» պետական կամերային երգչախումբը մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով: Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի յոթ մոտետները, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում ներկայացվում են առաջին անգամ: Խմբավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր եւս ծրագրերը մշակվում են՝ ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայնային առանձնահատկությունների եւ հմտությունների, ինչպես նաեւ նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։
«Անցյալ տարեվերջին Երեւանում եւ Թբիլիսիում «Վրաստանի սիմֆոնիետտայի» հետ համատեղ երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ նոր ծրագրով, որի շարունակությունը կարելի է համարել Բախի յոթ մոտետները մեկ համերգային ծրագրում ներկայացնելու նախաձեռնությունը։ Ժամանակը կարճ է, եւ բոլորս հասկանում ենք, որ Գերմանիայում ձեւավորված խմբերգային երաժշտության ավանդույթների հարյուրամյակների ընթացքում հղկված ոճին ու մտածողությանն անդրադառնալը մարտահրավեր է։ Կարծում եմ՝ արժե անգամ ձախողել, բայց գնալ այս ճանապարհով։ Ինչպես ասել է Սենեկան, իրական հաճույքը բարդությունն է»,- նշում է Հովհաննիսյանը:
«Հովեր»-ը գործունեության տարբեր շրջաններում կատարել է Բախի բազմաթիվ կանտատներ՝ 2000-ականներին՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» եւ «Չարչարանքներ ըստ Մաթեւոսի» օրատորիաները, (դիրիժոր՝ Զ. Վարդանյան): «Այսօր մենք առանձնահատուկ օրեր ենք ապրում։ Կարդում ենք, լսում բազմաթիվ հրաշալի կատարումներ՝ անվերջ փորձելով յուրացնել այս պարտիտուրները, որոնք իրենց ողջ հարստությամբ ու հմայքով ներխուժել են մեր կյանք՝ այն դարձնելով ոգեղեն ու պրոֆեսիոնալ առումով բացառիկ։ Բախի երաժշտությունը «հույս է եւ ամենաանկեղծորեն չհնացող նախասկիզբ», (ընկերներիցս մեկի խոսքով) քրիստոնեական մշակույթի կենդանի ներկայություն, պարզապես մտերիմ ընկեր ու սփոփանք, համամարդկային երաժշտական միջավայրի մեջ յուրաքանչյուրիս մի կաթիլ կյանքի բերկրանքն ապրելու շնորհ։
Բախի մոտետները բազմաթիվ սերունդների երաժշտամտածողության կարեւորագույն դպրոց են՝ հանձին իր ստեղծողի՝ Բախ-ուսուցչի,-ընդգծում է խմբավարն ու հավելում:- Օրերս Սվետլանա Նավասարդյանին ասել է, որ բոլորս շատ հուզված ենք եւ անհանգիստ առաջիկա համերգի կապակցությամբ, նույնիսկ խնդրել է չգալ համերգին։ Խմբավար Նարինե Ոսկանյանն էլ նշում է՝ Բախի յուրաքանչյուր ստեղծագործության անդրադարձը երգչախմբի համար մշտապես լինում է մեծ սպասումով եւ սրտի թրթիռով: Բախն այն գագաթն է, որին հասնելով՝ կարողանում ես ինքնամաքրվել, մոտենալ Աստծուն, խորհել հավիտենության մասին եւ զգալ կատարելության ուժը: Բախն իր ողջ կյանքն ապրեց՝ ծառայելով Աստծուն, եւ անգամ մահվան եւ հուղարկավորության առիթներով գրված այս մոտետներում մենք կարող ենք տեսնել այն մեծ հավատն Աստծո հանդեպ, որը շարժիչ ուժ էր Բախի համար: Մահը դիտել ոչ թե կյանքի ավարտ, այլ հավիտենականության սկիզբ, ոչ թե սգալու, այլ մխիթարություն գտնելու եւ Աստծուն միանալու միջոց: Այստեղ մենք կտեսնենք ցնծություն, փառաբանություն, աղոթք եւ ապաշխարություն»:
Ոսկանյանը Բախի երաժշտությունը գոթական տաճար է համարում, որտեղ արտաքուստ թվացող գերհագեցված պոլիֆոնիկ պատկերներն ու բոլոր զարդարանքները, իրենց ճիշտ դերաբաշխումների շնորհիվ, ստանում են այնպիսի թեթեւություն, ինչպիսին ստացել է գոթական տաճարը՝ իր կամարների ճիշտ օգտագործման շնորհիվ: Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե Բախը փորձել է կատարողի առջեւ դնել անհաղթահարելի թվացող խնդիրներ, երկարաշունչ ֆրազներ, որոնց կատարումը, անշուշտ, երաժշտից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ եւ ոճի իմացություն:
«Դրա հետ մեկտեղ Բախի երաժշտությունն այնպիսի ներդաշնակություն ունի, որ նման է մի վարարող գետի, տանում է կատարողին իր անհուններով` անտեսելով բոլոր բարդությունները: Եվ հենց այդ ժամանակ էլ արթնանում է այն ոգին, որն ամենաէականն է հատկապես Բախի ստեղծագործությունների դեպքում: Բախի երաժշտության մեջ այնքան պատկերայնություն կա, որ այն սկսում է նմանվել նաեւ գեղանկարին: Սա գալիս է բառի հանդեպ Բախի վերաբերմունքից, թե ինչպես է նա կարողանում յուրաքանչյուր բառի առոգանությունն արտահայտել երաժշտության մեջ: Յուրաքանչյուր երաժշտական միտք, տեխնիկական հնարք արտահայտվում է՝ ենթարկվելով տեքստի բովանդակությանը: Ահա այս ամենը գերում է մեզ՝ երաժիշտներիս, յուրաքանչյուր անգամ անհագ ծարավով անդրադառնալ Բախի ստեղծագործություններին, եւս մեկ անգամ հնարավորություն ունենալ խոսել Աստծո հետ երաժշտության միջոցով: Բախի երաժշտությունը կրոն է, որ մենք դավանում ենք»,- եզրափակում է Նարինե Ոսկանյանը:
ՄԱՀԱՑԵԼ Է ԴԻՐԻԺՈՐ ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թ. մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1974 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել եւ ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը: 1979-90 թթ. եղել է Երեւանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ, եւ նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի եւ կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: 1992-2010 թթ. դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1994-2000 թթ. եղել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում:
2003-2007 թթ., Էկվադորի կառավարության հրավերով, աշխատել է տեղի համալսարանում եւ ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, պարգեւներով: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դիրիժորի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին: Հանդիսատեսի հիշողության մեջ նա կմնա իբրեւ բարձրաճաշակ երաժիշտ եւ իր գործի եզակի գիտակ:
Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին՝ ժամը 17:30-20:00-ին: Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:
ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԷՋՈՒՄ
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր սոցիալական ցանցում հրապարակել է Just a two of us թրեքը. բաս-թրեքը կատարում է հայ բաս կիթառահար Էլեն Ալավերդյանը։ «Վաու, Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես», – գրել է «Ես լեգենդ եմ» ֆիլմի աստղը։
«Լաս Վեգասից 11-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են, սիրում են. այսքա՜ն երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներեւակայելի տաղանդավոր է եւ ունի հիանալի երաժշտական ճաշակ. հիասքանչ համադրություն է, այնպես չէ՞»:
Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլեւ իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ Իթիհադից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց կենտրոնացած ենք մեր մրցաշրջանի եւ առաջիկա հանդիպումների վրա։
Շնորհակալություն «Ալ Նասրի» երկրպագուներին աջակցության համար։ Մենք գիտենք, որ դուք միշտ զորավիգ կլինեք մեզ»,- գրել է Ռոնալդուն։
Երկրորդ խաղում անընդմեջ Ռոնալդուն չի կարողացել գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։
20 խաղից հետո «Ալ Նասրը» 46 միավորով նահանջել է երկրորդ տեղ, «Ալ Իթիհադը» գլխավորել է մրցաշարային աղյուսակը (47 միավոր)։
ՊԱՅՔԱՐ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի հրաձգության հավաքականը մարտի 12-ին կսկսի պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գեւորգյանը, Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ): Մարզիչները կլինեն Սեյրան Նիկողոսյանը եւ Անդրանիկ Այվազյանը:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Այն կմեկնարկի մարտի 12-ին: