ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մարտի 7-ի վերջին հարցազրույցից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց ծավալուն հոդված՝ փորձելով հերքել վերջինիս հայտարարությունները:

Բոլորին է հայտնի, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: Հետաքրքիր է, որ հոդվածում խոսվում է (եւ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը եւս խոսում է) Սերժ Սարգսյանի կողմից ձախողված բանակցային գործընթացի մասին այն դեպքում, երբ 2020 թվականին Կապանում Փաշինյանը հունվարյան ասուլիսում հայտարարեց, թե ցանկացած պահի կարող են վերադառնալ այդ ժառանգությանը, այն է՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքներ, Քելբաջարի եւ Լաչինի հայապատկանություն եւ այլն, եւ այլն: Արցախի մասին վարչապետի իրարամերժ եւ չիրականացված խոստումները բազմաթիվ են: 2016-ի սեպտեմբերի 10-ին նա հայտարարում էր.  «Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Այս հայտարարությունից հետո՝ 2022-ի ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այժմ այդպիսի հայտարարությունները կրկին առկա են:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ  բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են: Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի  անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին: Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաեւ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ  Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին եւ պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն  իր  գործունեության շուրջ իրավապահների ակտիվ  քննչական գործողությունների հրապարակային դրսեւորումներից հետո դիմել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում  խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական իշխանության մոտ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին փորձում է փրկել  ՀՀ նախագահ Վահագն  Խաչատուրյանը: Մյուս թիմակիցները, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի ընկեր, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, լուռ հետեւում են Թորոսյանի  շուրջ կատարվող զարգացումներին: Ինչպես հայտնի է,  մարտի  12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը,  «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը  կալնավորվել են, քանի  որ պատշաճ  չեն  կատարել ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Տնային կալանքի տակ է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը եւ  եւս 8 անձ, որոնք «Մեդլայն»  բժշկական  կենտրոնի  աշխատակիցներ  են եւ ունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն առայժմ ազատության մեջ են: Վերջիններս եւս մեղադրվում են այն բանի համար, որ  կորոնավիրուսային  հիվանդության  համար պետության  կողմից  հատկացված  ծրագրի շրջանակներում  պատշաճ չեն  կատարել  իրենց  պրտականությունները, ինչի  արդյունքում  խարդախությամբ հափշտակվել  է  մոտ 120 միլիոն  դրամ: Ամենագլխավոր հարցը մնում է մեկը՝ ե՞րբ է նախաքննական մարմինը հասնելու նախկին նախարար Արսեն Թորոսյանին. ի վերջո, նախարարի հրամանն են կատարել աշխատակիցները: Բացի այդ, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում (մոտ 11 ամիս), քան Արսեն Թորոսյանի դեպքում (7 ամիս։) Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինն Արսեն Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցում դեռ չի շտապում, քանի որ այլ ուշագրավ բացահայտումներ էլ են արվել նրա գործունեության մասով՝ այլ դրվագներով: Թե ինչ, կներկայացնենք ավելի ուշ:

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության, եւ բացթողումներ են հայտնաբերվել: Այս նախագծերում փոփոխությամբ  պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը: Առաջարկում է ամրագրել, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Ստացվում է՝ անհամապատասխանություններ կան պատգամավորի նախագծում. նա առաջարկում է մի փոփոխություն անել օրենքում, որը հակասում է մյուս օրենքին։ Միեւնույն ժամանակ իրավական փորձաքննության արդյունքներում նշվում է, թե հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն: Արդյունքում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: Այլ թերություններ եւս մասնագետները գտել են Գաբրիելյանի նախագծում:

 




Լրահոս