Հայաստանի արտգործնախարարությունը մարտի 10-ին հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել էր ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Արտգործնախարարությունից, սակայն, զերծ էին մնացել հավելյան մեկնաբանություն տալ քվոտայից հրաժարվելու պատճառների մասին: ՀԱՊԿ-ը փաստացի Ռուսաստանի կողմից ղեկավարվող ռազմական դաշինք է, որը ստեղծվել է 2002թ.-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի՝ 1992-ի մայիսին ստորագրած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու եւ դրա հնարավոր հետեւանքների վերաբերյալ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ: Մեզ հետ զրույցում Վիգեն Խաչատրյանն ասաց, որ արտառոց ոչինչ չի տեսնում այստեղ:
-Պարո՛ն Խաչատրյան, որպես իշխող ֆրակցիայի պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի այս քայլը: ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանքներ այն կունենա:
-Դրա հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում, բուն պատճառների մասին չգիտեմ՝ ինչու է նման որոշում կայացվել, մամուլից եմ տեղեկացել: Հավանաբար, այդպես ճիշտ են գտել Հայաստանի իշխանությունները, այդպես են որոշել: Ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում, նորմալ եմ վերաբերվում, արտառոց ոչինչ չկա, կարելի էր եւ հրաժարվել այս քվոտայից. առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի այս կտրուկ քայլը ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Կարծում եմ, ավելի լուրջ թեմաներ կան, որոնք կարող են նպաստել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քան նման ֆորմալ դրսեւորումները: Ես սրա մեջ ընդամենը ֆորմալ բան եմ տեսնում, բովանդակային վեճ այստեղ չեմ տեսնում: Մենք, իհարկե, ՀԱՊԿ-ից ունենք սպասելիքներ, որոնք, ըստ մեր պայմանավորվածությունների, չեն արդարացվում: ՀԱՊԿ-ի պահվածքը անհասկանալի է, որ մինչեւ հիմա Հայաստանի տարածքները զավթելու առումով Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տալիս համառորեն: Մենք սպասում ենք, տեսնենք՝ որքան կձգվի այս պրոցեսը: Այս պայմաններում ՀԱՊԿ-ում ակտիվանալու իմաստ ես չեմ տեսնում:
-Խմբակցությունում նախապես սրա հետ կապված քննարկում եղե՞լ է, ի՞նչ դիրքորոշում ունեն պատգամավորները.
-Դա ֆրակցիայի հարց չէ, որ քննարկվի. նման հարցերը խորհրդարանի լիազորությունների մեջ չեն մտնում: ՀԱՊԿ-ի դեպքում, հնարավոր է, հետագայում քննարկվի, բայց մինչ այժմ նման քննարկում չի եղել: Կարծում եմ՝ կարիք էլ չկա, որ լինի: Մեծ հաշվով, գտնում եմ, որ ճիշտ որոշում են կայացրել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԱՐՏԻ 20-Ի ՆԻՍՏԻՆ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ի նիստին կքննարկի Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության միջնորդությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովում այն ներկայացնելու է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը մարտի 3-ին շրջանառության մեջ էր դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դիմումում ներկայացված փաստերի վերլուծությունը ողջամիտ ենթադրություն է ձեւավորում, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում Ազգային ժողովը լիազորված է դիմելու Սահմանադրական դատարանին՝ անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:
Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալու դեպքում նախագիծը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն առայժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են, սակայն պարզվում է՝ բավականին խիստ խոսակցություն է եղել ՊԵԿ նախագահի հետ: Իսկ ի՞նչն է եղել Բադասյանի վրա խիստ զայրանալու եւ, ըստ էության, նրան զգուշացնելու պատճառը: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել էլ, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Ի դեպ, երեկ Բադասյանն անձամբ անդրադարձել էր իր ազատման լուրերին եւ ասել. «Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Որտեղի՞ց այդ տեղեկությունը»: Նա նշել է, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում էլ չի գրել։
ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ` ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՏԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին: Երբ ասացինք, որ հարցը նաեւ իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ: Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից եւ այնտեղ է իր գործունեությունը շարունակելու: Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով եւ նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը: Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչեւ հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ եւ հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում: Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից: