ՊԱՐԵԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վանաձոր քաղաքի բնակիչների նկատմամբ բռնություն գործադրած պարեկները նախապես հրահանգավորվել են…

 

Վանաձոր քաղաքի մի խումբ քաղաքացիների նկատմամբ Փաշինյանին ուղեկցող պարեկների կողմից բռնություն գործադրելու առթիվ պարզաբանումներ եմ ստացել ՀՀ ոստիկանությունից եւ դատախազությունից:

Իմ պահանջի հետքերով…

2022թ. նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին փաստեր հրապարակվեցին: Իմ շտապ հանձնարարականով հանձնաժողովի փորձագետները կապ հաստատեցին բոլոր կողմերի հետ՝ արձանագրելու իրողությունները:

Քաղաքացիներից մեկի խոսքերով՝ պարեկները մոտ 20 հոգով հարձակվել են անչափահասի վրա, արցունքաբեր գազ փչել աչքերին, ծեծել, ընդ որում՝ միջադեպի ընթացքում պարեկներին զգուշացվել է, որ տղան անչափահաս է. քաղաքացիներից մեկի գլուխն ասֆալտին են խփել, դաժանորեն ծեծել (դեպքի մասին պատմող տեսագրություններն առկա են)։

Դեպքի առնչությամբ դեռեւս 2022թ. նոյեմբերի 28-ին համապատասխան հարցում էի կատարել ՀՀ ոստիկանություն եւ ստացել պարզաբանում առ այն, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, ու իրականացվում է նախաքննություն:

Իմ կոնկրետ հարցին, թե միջադեպի օրը ՀՀ վարչապետի այցով պայմանավորված կատարվել է արդյոք մարզային պարեկային ծառայողների լրացուցիչ հրահանգավորում, ստացել էի հավաստում, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցման կապակցությամբ իրականացվող ծառայությունից առաջ հրահանգավորվել են։

Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ պարեկները ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրել վերադասից հրահանգավորվելուց հետո:

Ի պատասխան իմ լրացուցիչ հարցման՝ ՀՀ դատախազությունից ստացել էի պարզաբանում, ըստ որի՝ վերոնշյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, եւ որեւէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։

Կարեւորելով միջազգայնորեն ընդունված այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության»՝ արձանագրեմ, որ առնվազն հրապարակայնորեն առկա են լայն տարածում ստացած տեսանյութեր, որտեղ դեպքի մասին հայտնած` ըստ էության տուժող հանդիսացող անձինք ունեն վնասվածքներ եւ հստակ հայտնում են իրենց ծեծի ենթարկելու մանրամասները։

Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ քրեական վարույթով չկան մեղադրյալներ։

Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղաքացիներին ծեծի ենթարկած պարեկային աշխատակիցները մնում են անպատիժ: Սա՞ է բարեփոխված ոստիկանությունը»:

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը եւ դրա հետեւանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարեւորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը մարտի 12-ին հրավիրել է խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաեւ քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։ Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու եւ պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:

Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

 

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 14-19-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրաքի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ ԽՈՇՆԱՈՒԻ գլխավորած պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իրաքի պատվիրակությանը կդիմավորի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետբյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն ներառում է առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարեւորությամբ եւ, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձեւավորմանը, ինչպես նաեւ առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Հիմնավորման մեջ նշվում է. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝

-մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը եւ երաշխավորումը,

-ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետեւողական քաղաքականության իրականացումը,

-Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները եւ հանձնարարականները,

-մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հասարակության եւ քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը կրթական ծրագրերի իրականացման միջոցով,

-մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար:

 




Լրահոս