Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետեւաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ անվտանգությունը: Համաձայն եռակողմ հայտարարության եւ դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որը նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»: Սակայն նկատենք, որ նրա այս հայտարարություններն ու խոսքը հակասում են փաստաթղթերին: Բանն այն է, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Հենց այդ փաստաթղթում Ազգային շահեր բլոկի 4.3 կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար»: Ընդ որում՝ այս նախադասությունն ամբողջ ռազմավարության մեջ մի քանի անգամ նշված է: Ստացվում է՝ Փաշինյանի այդ հայտարարությունը հակասում է ռազմավարությանը, նաեւ ՔՊ, կառավարության ծրագրերին, որտեղ եւս ամրագրված է անվտանգության երաշխավոր լինելը: Իհարկե, 44-օրյա պատերազմը եղել է այս հայեցակարգի ընդունումից հետո, սակայն եթե Հայաստանը հրաժարվում է լինել ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տեւել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել: Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Վարչապետն ասել է, որ այդ հարցում որեւէ լավ բան չկա: Նիստը թեժացել է հատկապես Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեմայի արծարծման ժամանակ: Արսեն Թորոսյանը ամեն կերպ փորձել է արդարանալ Փաշինյանի ու թիմակիցների առաջ, տարբեր պատճառաբանություններ է բերել, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի պայքարի անվան տակ այդքան չարաշահումներ են եղել: Արսեն Թորոսյանը ՔՊ վարչության նիստը լավ առիթ է համարել Փաշինյանի հետ հանդիպելու ու նրան բացատրություններ տալու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել լեզու գտնել, համոզել վարչապետին իր հետ մեղմ վարվել: Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան: Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե սպասում է նախաքննության ընթացքին, որից հետո պարզ կլինի, թե ում հետ են գործ ունեցել: Վարչության մյուս անդամները վախից չեն խառնվել խոսակցությանը, լուռ են եղել: Թորոսյանն էլ ասել է՝ եթե իրեն թիմում չեն հավատում, ապա անելիք չունի: ՔՊ-ում չեն բացառում, որ բանը հասնի նրան, որ Թորոսյանն առաջիկայում վայր դնի մանդատը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա եւս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն իր սուլիսում, հենց Արզումանյանին ակնարկելով, ասում էր, թե մարդիկ միջնորդում են, որ ներողամիտ լինենք: Բա չբացահայտվի՞՝ ինչպես ընկավ Շուշին: Այլ կերպ ասած, երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը:
«Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենների գները աստղաբաշխական թվերի են հասել: Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա) 7000-8000-ի սահմաններում է տատանվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ, օրինակ՝ խնձոր, նարինջ, գազար, առհասարակ, չկան։ «Կտրոնները ձեռքներիս՝ շրջում ենք, բայց չենք կարողանում խանութներից անգամ առաջին անհրաժեշտության միրգ կամ բանջարեղեն գնել»,-ասաց արցախցի մեր զրուցակիցը: Սրան զուգահեռ՝ Արցախում գործազրկությունն է ավելացել, իսկ աշխատավարձերը կտրուկ նվազել են: Ստացվում է՝ արցախցիները, որ արդեն 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ են, թշնամու ուղիղ նշանառության տակ, նաեւ հումանիտար աղետի հետեւանքներն են ամենայն դառնությամբ կրում: