ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԱՅՍՊԵՍ ՉԵՆ ՎԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի հետ:

 

-Պարո՛ն Եղիազարյան, թշնամին վերջին օրերին կրկին ակտիվացել է, պարբերաբար կրակում է Արցախի եւ Հայաստանի դիրքերի ուղղությամբ. ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք այսօր նմանվում ենք անասունի, որի ձագին աչքի դեմը մորթում են, մի անգամ բառաչում է, հետո գլուխը թեքում ու գնում է արածելու: Նման իրավիճակում ենք մենք հայտնվել, իսկ ադրբեջանցիները կրակում են, որպեսզի հոգեբանորեն ավելի ճնշեն արցախցիներին, բայց դա չի ազդում արցախցիների վրա, արցախցիներին սպանում է Հայաստանի հասարակության, քաղաքական գործիչների անտարբերությունը: Հակառակորդը լկտիանում է, քանի որ նրան պատասխան տվող չկա, բայց եթե մենք փորձենք վրա տալ ու մի քանի հոգու պատառ-պատառ անել, ապա նրանք անմիջապես կխելոքանան: Ադրբեջանցիները շատ լավ են հասկանում, որ մեզ հաղթել չեն կարող, բայց քանի որ անվստահության, վաղի ու կապիկության մթնոլորտ են ստեղծել, իրենք էլ ուզում են անմիջապես լուծես Արցախի հարցը:

-Արցախն արդեն 3 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, ճգնաժամը գնալով խորանում է. ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից, ո՞ր դեպքում հակառակորդը կվերադառնա բանակցությունների դաշտ:

-Մենք միայն մի դեպքում կկարողանանք այս հարցը լուծել՝ երբ պահանջենք, որ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանվեն. միայն այս դեպքում Ադրբեջանը կարող է բանակցությունների գալ: Քանի որ մենք ոչինչ չենք պահանջում, Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշում, խոսում է արեւմտյան Ադրբեջանի մասին, աշխարհն էլ այդ հիմարությունն ընդունում է, դա հիմք է համարում, ուրեմն մենք ինչ քայլի էլ դիմենք, մենք իրավացի ենք: Մենք պատերազմը տանուլ չենք տվել, ես ո՛չ այս, ո՛չ էլ նախկին իշխանությունների պաշտպանը չեմ, գիտեմ, բայց անգամ ալան-թալանից հետո մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ հանգիստ կարող էր ադրբեջանցիների հարձակումը կանգնեցնել, բայց չարեցինք, որովհետեւ նախօրոք որոշված է եղել՝ Արցախը պետք է հանձնենք: Արցախը տալուց հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ավելի սարսափելի է լինելու, քան այսօր է: Մեր հասարակությունն այսօր հոգնել է, չգիտի՝ այս իրավիճակում ում ապավինի: Այդպիսի քաղաքական ուժեր կամ այրեր չկան, որոնց վրա հասարակությունը հենվի: Հասարակության մեջ սերմանում են, թե ձեր պաշտպածությունը ձեր անպաշտպան լինելու մեջ է, ասում են՝ դուք ունակ չեք ձեր կնոջը կամ աղջկան պաշտպանելու, անպաշտպան եք, այպիսի հիմար թեզ են առաջ քաշում ու իրագործում այսօր: Այնպես են անում, որ մեր հասարակությունը դառնա անորակ ու անողնաշար, ու սա հասարակությունը կուլ է տալիս:

– Պարոո՛ն Եղիազարյան, խոսում եք հասարակության անտարբերության մասին: Ըստ Ձեզ՝ ի վերջո, ինչը կստիպի, որ հասարակությունն իսկապես գիտակցի՝ հայրենիք ենք կորցնում:

-Հասարակությունն էլ է դա զգում, բայց այսօր այնպես են խառնել, խճճել մարդկանց, որ իրականությունը մարդիկ չգիտեն: Հասարակությունը ոտքի կկանգնի միայն այն դեպքում, երբ որեւէ անհատ, անձ ձգող ուժ հանդիսանա եւ հանի մարդկանց թմբիրից: Հիմա սթափ մարդիկ անհանգստացած են իրենց ապագայի համար, իրենց երեխաների համար:

-Ինչպես Դուք ասացիք, մեր բանակն ի վիճակի էր 44-օրյա պատերազմի ժամանակ կասեցնել թշնամու հարձակումները, սակայն նախապես որոշված է եղել, որ պետք է հանձնեն տարածքներ: Ո՞վ է նման որոշում կայացրել՝ Հայաստանի իշխանություննե՞րը, թե՞ արտաքին ճնշում է եղել:

-Ի՞նչ ասել է արտաքին ճնշում. եթե ճնշում կար, ինչո՞ւ էին պատերազմում, եթե ճնշում էին, հրաժարական տայիք: Ոչ մեկը իրավունք չունի ազգի հաղթանակը նվիրել ուրիշին. նիկոլանման մարդիկ բոլոր ազգերի մեջ կան. ո՞վ նրան գտավ, ո՞վ նրան բերեց: Նիկոլին դիտավորյալ են բերել, որ Արցախը տրվի, եւ այսպես լուծվի Արցախի ճակատագիրը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ նույն վայրում հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման. ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ. «Ի պատասխան Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ նույն վայրում, ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են եւ ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից եւ միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված եւ հաստատված ձեւաչափով՝ կողմերի հավասար իրավունքների եւ ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ

ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը եւ Լենա Նազարյանը մարտի 15-17-ը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն): ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 20-րդ նիստի աշխատանքներին: Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իակ գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՎՐԴՈՎՎԵԼ Է ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը  մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ-ական կանանց երկու շոկոլադե չուպաչուպս է նվիրել:

Գրել էինք, որ Հակոբ Արշակյանի այս քայլը ծաղրի առարկա է դարձել ՔՊ-ում, իշխող ֆրակցիայի կանանցից ոմանք անգամ դեն են նետել Արշակյանի նվիրած չուպաչուպսները՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:

ԱԺ փոխնախագահը, պարզվում է, վրդովվել է մեր այս հրապարակումից եւ որոշել է անուղղակի արձագանքել մեզ՝ առանց կոնկրետացնելու.

«Գիտնականներն ասում են, որ շոկոլադը երջանկացնում եւ ժպիտներ է պարգեւում մարդկանց։

Մի՛ վախեցեք դեղին մամուլից, իրար նվիրե՛ք հայկական շոկոլադ»,- գրել է Արշակյանը:

Արշակյանի այս գրառումն ավելի ծանր վիճակի մեջ է դրել իրեն:

Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակել են ծաղրել Արշակյանին՝ գրելով.

«Հետաքրքիր է՝ դուք, շոկոլադ ուտելուց ու դեղին մամուլ կարդալուց բացի, ուրիշ գործ չունե՞ք անելու։ Ամբողջ սահմանի երկայնքով կուտակումներ կան թշնամու կողմից, Արցախը բլոկադայի մեջ է, սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տագնապով սպասում են պատերազմի վերսկսման, իսկ ԱԺ փոխնախագահը՝ թե բա շոկոլադ ու դեղին մամուլ… »։

«Ինչու՞ մտածեն. տակները՝ չոր, փորները՝ կուշտ։ Մտածելու համար ուղեղ է պետք»,- արձագանքել է մյուս օգտատերը:

«Լավ է շոկոլադ, քան չուպաչուպս»,-

արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը Արշակյանի գրառմանը:

Հակոբ Արշակյանին  իր իսկ գրառման ներքո օգնության են հասել ՔՊ-ական կանայք՝ Մարինե Խաչատրյանը եւ Հասմիկ Հակոբյանը, շնորհակալություն են հայտնել Արշակյանին համեղ նվերի համար: Զարուհի Բաթոյանը գրել է.

«Մամաս շատ հավանեց, ասում է՝ կարող ես կրկնել, Արշակյա՛ն ջան»: Բաթոյանի սոցապնախարար անցյալն է հիշել ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Արշակյանը.

«Նախշու՛ն ջան, պատվարժա՛նս, կարգ ու թոշակ չստացած քաղաքացին ինչպե՞ս հասնի այդ շոկոլադին, երբ ունի լիքը մուծումներ եւ պարտքեր մշտապես…»:

Կարճ ասած, անգամ իշխանության երբեմնի սիրելի «Ֆեյսբուք»-ում քննադատությունն ավելի շատ է: Եւ, հետեւաբար, հարց է առաջանում՝ մեզ արձագանքելու իմաստը՞…

 




Լրահոս