«ԼՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ նա պետք է կատարի այդ դերակատարումը. այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հարցին, թե Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետեւաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեն ԼՂ անվտանգությունը:

Համաձայն եռակողմ հայտարարության եւ դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ այն պատճառով, որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետեւաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով, պետք է արձանագրել, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է:

Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Հայաստանը բանակ չունի ԼՂ-ում»:

Նա նկատեց, որ Ադրբեջանը նաեւ փորձում է հիմնավորել, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա. «Եթե ցեղասպանության եւ էթնիկ զտման ակնհայտ վտանգ չլինի ԼՂ հայության համար, առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: Այս նեղ վիճակում ԼՂ-ում միլիարդներ են ծախսում այդ բանակը պահելու համար : ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության եւ էթնիկ զտումների նախապատրաստությունների»,-հայտարարեց վարչապետը:

«Արցախի նախագահի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք, ընդ որում՝ հիմնականում ես եմ նախաձեռնողը. ես զանգում եմ, հարցնում եմ՝ ինչ կա, ինչ չկա, խանութներում ինչ կա»:

Հարցին՝ կան արդյոք իրենց մեջ տարաձայնություններ, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների, Ռուսաստանի ներգրավվածության հարցերում, Փաշինյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցը այն դեպքն է, երբ տեսակետների ոչ մի տարբերություն չունենք: Իսկ մնացած հարցերով, արդյոք կա՞ն տարբեր տեսակետներ: Իհարկե կան, այն բանի բերումով, որ ինքը ԼՂ նախագահն է, ես էլ Հայաստանի վարչապետն եմ:

Իսկ ի՞նչն է այդտեղ վախենալու. կա բանավեճ, կա խոսակցություն, կա քննարկում, եւ ես հարգում եմ ԼՂ նախագահի եւ ԼՂ ԱԺ-ի, կառավարության, քաղաքացիական հասարակության, բոլորի կարծիքը: Ինձ իրավունք եմ վերապահում նաեւ դիտարկումներ անել այդ կարծիքների վերաբերյալ: Կա՞ արդյոք բանավեճ, քննարկում. այո՛, կա: Այդ բանավեճն ազդո՞ւմ է արդյոք մեր անձնական եւ աշխատանքային հարաբերությունների վրա. եթե ազդում է, միայն՝ դրական, որովհետեւ անկեղծության, բացության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը ամենակարեւոր բանն է»,-ասաց նա:

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամից՝

1) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան,

2) արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան,

3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթեւոսյան»,- ասված է հրամանում։

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում մարտի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին:

Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել են դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները եւ այլ հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ եւ օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր

դիմումի համաձայն: Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադեւոսյանը:

 

 

 

ՕՐԵՆՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման երեքշաբթի լիագումար նիստում երրորդ՝ եզրափակիչ ընթերցմամբ հատուկ ռազմական գործողության բոլոր մասնակիցներին վարկաբեկելու համար քրեական պատասխանատվության մասին օրենք է ընդունել. հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այժմ պատասխանատվությունը նախատեսված է միայն այն հրապարակային գործողությունների համար, որոնք ուղղված են արտասահմանում Ռուսաստանի Դաշնության ԶՈւ օգտագործումը վարկաբեկելուն։ Փոփոխությունները ՌԴ ՔՕ 280.3 հոդվածի գործողությունը տարածում են նաեւ կամավորական կազմավորումների վրա։ Գործող խմբագրությունում անձին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարված հանցագործության համար առավելագույնը սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: Դումայի ընդունած օրենքն այդ ժամկետը մեծացնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում։ Նաեւ ավելանում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում առավելագույն հնարավոր պատիժը այն դեպքում, երբ գործողությունները հանգեցրել են մահվան կամ զանգվածային անկարգությունների: Այժմ այն սահմանված է մինչեւ 5 տարվա ազատազրկման մակարդակում։ Օրենքը նաեւ կամավորական կազմավորումների վրա է տարածում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի գործողությունը՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին կեղծիքների համար պատասխանատվության մասին: Այժմ ՌԴ զինված ուժերի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածման համար, որը հանգեցրել է ծանր հետեւանքների, սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Դումայի ընդունած օրենքը նախատեսում է, որ նման պատասխանատվություն կկիրառվի նաեւ կամավորական կազմավորումների մասին ֆեյքերի տարածման դեպքում։

 

 

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸԼՐԱՑԱՎ

Երեկ լրացավ դատավորների համար տրված այն վերջնաժամկետը, որը տրված էր նրանց՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ առաջադրվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ներքին քննարկում է եղել, եւ այսօր պարզ կլինի, թե ովքեր են այն դատավորները, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել եւ գնալ ԲԴԽ՝ դատավոր աշխատելու: Նշենք, որ մարտի 9-ին ԲԴԽ-ն ծանուցումներ էր ուղարկել Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից: Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից: Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում։

 

 

 




Լրահոս