ՆՈՐ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը հագեցած է պրեմիերաներով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-20-ը Երեւանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։ 2023թ. փառատոնի ծրագրերը հագեցած են պրեմիերաներով։ Փառատոնի բացման համերգին` մարտի 16-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչի Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը՝ Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի եւ նվագախմբի համար։

 

Փառատոնի բացման համերգին կհնչի Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որը ստեղծվել է կոմպոզիտորի եւ նվագախմբի համագործակցության արդյունքում, եւ որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Ապրիլի 17-ի համերգի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Դավիթ Սաքոյանի Պասակալիա եւ ֆուգա թիվ 2 ստեղծագործությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաեւ Ջիվան Տեր-Թադեւոսյանի 5-րդ սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։ Ապրիլի 20-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան»՝ թավջութակի եւ կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին, եւ հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սեւան» բալետից։ Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Դավիթ Եժովը։ Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա անվանի թավջութակահար Լեւոն Մուրադյանը, որի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը եւ Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի եւ նվագախմբի համար։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաեւ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն եւ հանրահայտ Անտալ Դորատի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռեմի Դյուրուն: Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում եւ տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով եւ հետարտադրական ընթացքից հետո տեղադրվում են նվագախմբի սոցիալական էջերում, նվագախմբի կայքում, ինչպես նաեւ հանրահայտ միջազգային թվային հարթակներում։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է եւ 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետեւում է հայ դասական եւ արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման, ճանաչման եւ ընդլայնման իր առաքելությանը: Փառատոնի կարեւորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների եւ նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների պարտիտուրներ դեռեւս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում եւ հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար: Փառատոնի ողջ ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 100 մեծակտավ ստեղծագործություններ. ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ՝ ներգրավելով Հայաստանում գործող երգչախմբերին, նվագախմբերին եւ կամերային համույթներին, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողների, այդ թվում՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների։ Անցած տարիների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաների կիրառմամբ ձայնագրել է հայ կոմպոզիտորների ավելի քան 15 մեծակտավ ստեղծագործություններ, որոնք ամենամյա պարբերականությամբ թողարկվում են նվագախմբի սեփական Armsymphony Records ձայնապիտակի վրա։

Փառատոնի ընթացքում հնչած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նաեւ տեղ են գտնում հայտնի մեդիա հարթակներում, ինչպիսիք են Mezzo TV-ն, Medici TV-ն եւ այլն։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաեւ երիտասարդ եւ նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երեւանի պետական համալսարանում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող ճանաչվեցին երեքը:

Ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս.) առաջին տեղը գրավել է Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը։

Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս.) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը եւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:

Նշենք, որ հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ ԿԳՄՍՆ-ի կողմից:

Դիպլոմակիր աշակերտներից ձեւավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։ Խմբում իրենց լավագույնս դրսեւորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։

Հավելենք, որ ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը տարիներ շարունակ համակարգում է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

 

 




Լրահոս