Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատություններին, նշեց. «Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու, նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար: Սա եւս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը»: Իրավական առումով հարցի պատասխանը կտա դատաքննությունը, եթե գործը հասնի այդ փուլին»: Մասնավորապես, Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ այն ժամանակ իր տեղակալի (Գեւորգ Սիմոնյան-խմբ.) դեմ գործը շինծու է համարել: Փաշինյանը նաեւ նշեց. «Մեր երկրում Աստծուն չհավատացող հոգեւորականներ կան. մեծ ողբերգություն չէ, եթե որեւէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»,- ասաց Փաշինյանը։ Դիտարկմանը՝ Ձեզ չի հավատում, վարչապետը հավելեց. «Առավել եւս՝ մեծ ողբերգություն չէ»: Իսկ ինչի՞ց է սկսվել Արսեն Թորոսյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց հարաբերությունները լարվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք կեղծվեցին, եւ վերահաշվարկ իրականացվեց: Իսկ ինչո՞ւ էր այդ հանգամանքը զայրացրել Փաշինյանին: Բանն այն է, որ, իշխանության գալով, եւ նաեւ տարբեր մամուլի ասուլիսերի ու ելույթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ամենամեծ ձեռքբերումներից էր համարում արդար ու ազատ ընտրությունները, որոնք չեն կեղծվում: Պարզվում է, սակայն, որ ընտրություններ են կեղծվում հենց իր թիմի ներսում, եւ բողոքարկողը եղել է հենց Արսեն Թորոսյանը: Փաշինյանի խոսքերը, ըստ էության, հերքվեցին հենց իր կուսակիցների կողմից: Ավելին՝ Փաշինյանը մամուլում արտահոսքի համար էլ է Արսեն Թորոսյանին մեղադրում:
Նկատենք, որ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին հայտնի դարձավ դեռ նախորդ տարի, եւ միայն հիմա է քրեական գործի քննությունը թափ հավաքում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հետեւողականությամբ չէր հրահանգել գործն առաջ տանել: Այժմ ժամանակներ են փոխվել, եւ նա պատժում է Արսեն Թորոսյանին իր քաղաքական գաղափարախոսությունը ոչնչացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն արդեն նախկինի պես լարված չեն: Եվ հենց դա է պատճառը, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պապիկյանը վստահ հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում իմ առջեւ դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, եւ թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ նրա ու Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունների համար նրան էին մեղադրում՝ իբրեւ պատասխանատուի: Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ հարթվել է, եւ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Սուրեն Պապիկյանը կապ չունի 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վարչության կեղծված ընտրությունների հետ: Այս իրավիճակում ուշագրավն այն էր, որ Պապիկյան-Փաշինյան լարվածությունից ցանկանում էր օգտվել Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ զբաղեցնելու ՊՆ նախարարի պաշտոնը: Նա չհասավ իր նպատակին։ Մեկնաբանության համար դիմեցինք Ռոմանոս Պետրոսյանին, որը նշեց. «Աբսուրդ է, նույնիսկ մեկնաբանելու բան չկա այդտեղ։ Խնդրում եմ էդ հարթության եւ բովանդակության հարցեր չուղղել ինձ այսուհետ»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանին Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով նյութերը, ուսումնասիրել այն մանրակրկիտ եւ որոշում կայացնել: Նշենք, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը։ Բանն այն է, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին: 2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով։ Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետեւաբար չկա որեւէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն մինչ օրս չի ներկայացրել:
Հաջորդ շաբաթ խորհրդարան կգան Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Երեքշաբթի՝ մարտի 21-ից, խորհրդարանում սկսվում է հերթական նստաշրջանը: Նստաշրջանում նախատեսված է, որ վարչապետը կներկայացնի կառավարության ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց, իսկ նախարարները՝ յուրաքանչյուրն իր ղեկավարած ոլորտի ծրագրերի կատարողականը: Փաշինյանն ու նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին: Այսպիսով, բացի չորեքշաբթի օրը նախատեսված ԱԺ-ի հետ հարցուպատասխանից, երեքշաբթի եւս վարչապետը կգա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները եւս մասնակցելու են ԱԺ նիստերին, բացառությամբ չորեքշաբթի օրը նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանից: Հիշեցնենք, որ այս շաբաթ եւս նախարարները մասնակցում են գլխադասային հանձնաժողովների նիստերին. երեկ ԱԺ էին եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այսօր էլ խորհրդարան է գալու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Սպասվում է նաեւ, որ խորհրդարան կգա արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: