Հակառակորդի վերջին սադրանքների եւ բանակում տիրող իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, վերջին օրերին թշնամին կրկին ակտիվացել է, սադրանքների է դիմում ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի սուվերեն տարածքների ուղղությամբ: Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից կարող ենք արձանագրել, որ թիրախում Սյունիքն է, այդ ուղղությամբ են հիմնական սադրանքները լինում: Ինչո՞վ եք պայմանավորում այս ակտիվությունը.
-Պետք է զգոն լինենք, ինչ-որ առումով փորձագիտական դաշտում նաեւ կանխատեսվում էր, որ օրերը տաքանալուն պես սահմանին սադրանքները կավելանան. մի կողմ թողնենք նույնիսկ աշխարհաքաղաքական տարատեսակ դրդապատճառները, զուտ ռազմական լոգիկան էլ էր սա ասում: Դեռեւս փետրվարին այս մասին խոսվեց, որ հենց եղանակները տաքանան, որոշ տեղերում սադրանքներ կարող են լինել: Արցախի դեպքից հետո սադրանքներ պետք է սպասել ցանկացած հատվածում:
-Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ է սահմաններին նոր էսկալացիայի հնարավորությունը: Ձեր գնահատմամբ՝ հնարավոր նոր էսկալացիայի դեպքում մեր բանակն ի վիճակի կլինի՞ դիմակայել, կա՞ն բավարար ռեսուրսներ:
-Եթե նկատի ունեք նյութական սպառազինությունը, ուրեմն մենք զիջում ենք Ադրբեջանին, միշտ էլ զիջել ենք, այնպես չի, որ այս պահին ամեն ինչ իդեալական է: Բանակի ռեսուրսները պրոբլեմ են, մասնավորապես՝ զենք-զինամթերքի մասով, դրա համար էլ հարցը մինչ էսկալացիային հասնելը փորձ է արվում այլ զսպող միջոցներ կիրառել, այդ թվում՝ միջազգային դիտորդներ եւ այլն: Իսկ եթե խոսքը վերաբերվում է բանակի պատրաստականությանը, ապա բանակը պատրաստ է իր առջեւ դրած խնդիրը կատարել, ինչպես 2022թ.-ի սեպտեմբերին եղավ, էլի նույն իրավիճակն է հիմա. զենք-զինամթերքի մասով մենք շարունակում ենք զիջել հակառակորդին, բայց մեր տղաները հերոսաբար, հաճախ իրենց կյանքի գնով դիմակայեցին:
-Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են բանակի արդիականացման ու վերազինման ծրագրերի մասին: Ի՞նչ կասեք այս մասին: Ձեր գնահատմամբ՝ արդյունավե՞տ են այս ուղղությամբ տարվող աշխատանքները.
-Շատ արդյունավետ են, բայց արդյոք դրանք բավարա՞ր են. սա հարց է, որին շատ է անդրադարձ եղել: Այսօր աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր պես փոքր պետությունը չի կարող գնալ խանութ ու կարտոֆիլի նման զենք առնել, բերել տուն: Դժբախտաբար, այնպիսի իրավիճակ է այսօր ստեղծվել, որ զենք-զինամթերքի համար երկար պետք է տառապենք, իսկ մեծ պետություններն էլ ազատ զենք չունեն: Երբ անգամ քո համար մեկ դաշնակիցը չի կարողանում քեզ զենք տալ, իսկ մնացածներին նախ պետք է կարողանաս համոզել, ապացուցել, որպեսզի քեզ զենք տան, բացի դա, նրանք պետք է կարողանան, որ քեզ էլ զենք տան: Սա երկար տարիների ռազմավարական եւ ռազմական մատակարարումների սխեմաների խնդիր է նաեւ, այսինքն՝ երբ դու երկար տարիներ մեկ պետությունից ես սնվել, երկար տարիներ այլընտրանք չես ունեցել, սեփական ռազմական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ջանքեր չես ներդրել, գալիս են այպիսի ծանր ժամանակներ, պետք է կարողանաս հաղթահարել այս ամենը:
-Հաշվի առնելով Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաեւ սահմանային վերջին լարումները՝ առաջիկայում լայնածավալ էսկալացիան հավանական համարու՞մ եք:
-Ամեն ինչ էլ հավանական համարում եմ: Ես հետախուզական ինֆորմացիա չունեմ, որ ամբողջական գնահատական տամ էսկալացիայի մասով, ամբողջական գնահատականի համար պետք է շատ մանրամասների տիրապետես: Ակտիվություն կա, որի մասին խոսում են եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, միջազգային դիտորդները, միջազգային վերլուծական կենտրոններ, անգամ Պետդեպի մակարդակով են խոսում, որ սադրանքների վտանգ կա:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ՝ ՍԵՎ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը: Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս:
ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի: Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը եւ սկիզբ դրել տոմսերի վաճառքի սեւ շուկայի:
Նախ նշենք, որ օնլայն տարբերակով գնելու պարագայում տոմսերի արժեքներն են՝
– հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ,
– արեւելյան տրիբունա՝ 3000 եւ 5000 դրամ,
– արեւմտյան տրիբունա՝ 10000 դրամ:
Իսկ հիմա կան անձինք, որոնք տոմսերը վաճառում են աստղաբաշխական թվերով:
Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի:
Օգտատերերը բողոքում են, թե չեն հասցրել տոմսեր գնել առցանց եղանակով եւ սպասել են դրամարկղում վաճառքի, այնինչ պարզվել է, որ շատ արագ են սպառվել տոմսերը, եւ շատերը դա կասկածելի են համարում:
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ
Մարտի 14-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որը տեւեց չորսուկես ժամ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս կառավարության աշխատակազմը լրագրողներին ասուլիսին հրավիրել էր մեկ ժամ առաջ եւ նախորդ անգամվա պես նրանց խումբ-խումբ էր ուղեկցել ասուլիսների համար նախատեսված վայր: Այս անգամ, չգիտես՝ ինչու, կառավարության աշխատակազմը բավական ուշադիր էր տեղանքի մաքրության հանդեպ: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ուշադիր դեմքով զննում էր տեղանքը, փռված գորգը, դրված բաժակը եւ լուրջ դեմքով հրահանգներ տալիս: Դա էր պատճառը, որ երեք անգամ ստիպված եղան գորգը մաքրել, ապա Նիկոլ Փաշինյանի աթոռը, սեղանը եւ այլն: Ստացվում է՝ Տարոն Չախոյանը կառավարությունում մաքրության ապահովում է իրականացնում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ՝ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՒՄ ՀԵՐԹՆ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ բարձրացած մեծ աղմուկից ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են՝ ում հերթն է հաջորդը: Բայնն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ եղած կուռուպցիոն վերջին բացահայտումները իսկապես բարկացրել են Փաշինյանին, որը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, թե Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնինչ ստացվում է՝ հենց իր թիմակիցներն են կոռուպցիայի կենտրոնում: Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին եւս, որպեսզի օրինակ լինի մյուսներին: Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել. նախ հանրությանը ցույց կտա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում ու չի խնայում անգամ սեփական թիմակիցներին, բացի այդ, նաեւ «կզսպի» մյուս թիմակիցներին, որպեսզի չհայտնվեն կոռուպցիոն նման սկանդալների կենտրոնում: Բանն այն է, որ այդ պատմությունները ազդում են հենց Փաշինյանի վարկանիշի վրա: ՔՊ-ական պատգամավորներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են կտրուկ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նոր բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել…, դրա համար էլ շունչները պահած սպասում են, թե Փաշինյանի հրահանգով ու իրավապահների «թեթեւ ձեռքով» ում անունն է հայտնվելու կոռուպցիոն սկանդալի կիզակետում:
ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ Դատական համակարգը կերկփեղկվի: Բանն այն է, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը եւ իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը: Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որը աչքի է ընկել իր համարձակ որոշումներով: Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը եւս իր թեկնածությունը առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար: Բանն այն է, որ Աթաբեկյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է ու Մխիթարյանի հետ նախկինում աշխատել է դատական դեպարտամենտում: Ասել է թե՝ դատական համակարգը երկու քարի արանքում է՝ կա՛մ դեմ պետք է գնա ԲԴԽ-ին եւ ընտրի դատավոր Արշակ Վարդանյանին, կա՛մ ԲԴԽ-ին հաճոյանալու համար ձայնը տա Ռուբիկ Մխիթարյանին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դատական համակարգում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: 2023 թվականի ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից, եւ նրանց տեղի համար պայքարի են դուրս եկել վերոնշյալ դատավորները: