ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««Դաժան վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կարեւորագույն պարտականություններից մեկն է». ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ իմ հրատապ նամակին։

 

Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երեւան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի եւ Մարզպետ Ավագյանի նկատմամբ։

«Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։

Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձեւերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ։

Շտապ գրություն էի ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ խնդրելով հասցեական գնահատական ներկայացված, հանրության շրջանում խորը մտահոգություններ առաջացրած դեպքի առնչությամբ։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից ստացել եմ պատասխան, որ դաժան վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը ԵԽ ցանկացած անդամ պետության վրա դրված կարեւորագույն պարտականություններից մեկն է՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը՝ ի շահ իր քաղաքացիների եւ իր իրավազորության ներքո գտնվող բոլոր այլ անձանց:

Բուրիչը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն կիրականացնի դաժան վերաբերմունքի մասին այդ մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ եւ պատշաճ ժամկետներում նախաքննություն, եւ որ նոր ձեւավորված Ներքին գործերի նախարարությունը հետեւողական կլինի, որ ՀՀ ոստիկանությունում պահվողների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ երաշխիքներն ավելի ամուր լինեն:

«ԵԽ-ն կշարունակի աշխատել համապատասխան մարմինների հետ Հայաստանի համար ԵԽ նոր գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մեծացնելու ենթադրյալ դաժան վերաբերմունքի դեպքերի հետաքննության արդյունավետությունը»։

Տիկին Բուրիչը միաժամանակ ողջունել է, որ Հայաստանը միացել է ԵԽ անդամ երկրների ոստիկանության ծառայությունների ներկայացուցիչների ցանցին, ինչը կօգնի ապահովել, որ Հայաստանի ոստիկանության աշխատանքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին»:

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՊԾ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է Պետական պահպանության ծառայության կողմից 2022 թվականին կատարված աշխատանքների եւ համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

 

 

 

ԲՐՅՈՒՍՈՎԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԸ

Լեզվաբան, հայերենագետ, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարության ոոշմամբ՝ վերջին շրջանում Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարում էր պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 12-ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։

Երեկ էլ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով, հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։

Նշենք, որ ուսանողները ու դասախոսները դեմ են այս որոշմանը եւ պայքարելու են։

Ռեկտորի նշանակման մասին նոր որոշումից հետո Բրյուսովի անվան համալսարանի իրավիճակի շուրջ հետաքրքրությունն ավելացել է: Մասնավորապես, հասարակական սեկտորի ներկայացուցիչները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին եւ հասկացրել, որ պետք չէ նման քայլեր անել եւ ոստիկանների ուղեկցությամբ ռեկտոր տանել համալսարան՝ ներկայացնելու համար: ArmLur.am-ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել նրան բուհում ներկայացնելը հետաձգել:

 

 

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Նախկինում անդրադարձ կատարել ենք կրիպտոարժույթների ու բլոքչեյն համակարգերին. դրանք լայն թափով զարգանում ու աճում են աշխարհում։ Կան երկրներ, որտեղ պետությունն օրենսդրական մակարդակով կարգավորել է ոլորտը, տեղ-տեղ նույնիսկ պետությունն է թողարկում սեփական կրիպտոարժույթը։

Հայաստանում ոլորտը ներկայացնող ամենախոշոր ընկերություններից մեկը հանդիսացող TETChange-ից մեզ փոխանցեցին, որ կրիպտոշուկայում նկատվող ակտիվության ֆոնը մեր երկրում տնտեսական զարգացման լավ հնարավորություն է ստեղծում, ամենաքիչը այն լրացուցիչ ազդակ կարող է հաղորդել տնտեսության զարգացմանը: Ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարեւան Վրաստանը, որտեղ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Նա ավելացրեց նաեւ, որ չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորող պիոներների դերը ու ցանկացած պահի պատրաստ են օգնել պետության համապատասխան մարմիններին՝ զարգացնելու ոլորտը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ: Դանիելյանը հավելեց նաեւ, որ պատրաստ են ցուցաբերել համապատասխան մասնագիտական աջակցություն ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներին, եթե նման առաջարկ ստանան:

Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2023թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց:

Ի դեպ, անցած տարի վերջապես ԲՈԿ-ը գրանցել է ոլորտի վերաբերյալ առաջին թեկնածուական թեզը, որի հեղինակը «Տետչենջ» ընկերության հիմնադիրն է, իսկ թեզի թեման՝ «էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի եւ կրիպտոարժույթների ֆինանսական կառավարման հիմնախնդիրները»:

 

 




Լրահոս