ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով, եւ հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին:
Համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով, որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Անշարժ գույքի՝ շինության եւ հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն: 2012 թվականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետեւ՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց եւ հասցեի որոշում ներկայացնելուց հետո: Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի՝ 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության եւ համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու՝ 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ՝ համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն: Կադաստրային գործում առկա է նաեւ Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել եւ նվազել է) հողամասը կառուցման եւ սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»:
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին:
«Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»:
Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի եւ շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:
Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»:
Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը եւ շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք): Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
ՔՆՆԻՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:
2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ քննչական բաժնում քննվող քրեական վարույթներից մեկով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, որի շրջանակներում 12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ է դարձել։ Ըստ հաղորդման՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի այն փոխանցի դատախազին առերեւույթ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով եւ մեկ շաբաթ անց հետ վերադարձնի նշված գումարը։ Հետագայում քննիչը հրաժարվել է գումարը հետ վերադարձնել՝ հայտնելով տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններ։ 2023 թվականի մարտի 10-ին հիշյալ քննիչը զբաղեցրած պաշտոնն այլեւս զբաղեցրած չլինելու պայմաններում 27-ամյա երիտասարդի հաշվին փոխանցել է 204.000 ՀՀ դրամ եւ պահանջել մոտենալ քննչական բաժին քննությունը շարունակելու նպատակով։ Նկատի ունենալով, որ 27-ամյա երիտասարդի կողմից ներկայացրած հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերեւույթ հանցանքի փաստական նկարագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաշվի առնելով, որ առերեւույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախաձեռնված քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։
Նշված քննիչը ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022թ. հոկտեմբերի 12-ին։
ԿԱ ՎԻՐԱՎՈՐ
Մարտի 14-ին՝ ժամը 20:14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1992 թ.) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր Գ. Ա.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Ըստ էության, տեչական մարմինը խախտումներ է հայտնաբերել նրան պատկանող ընկերությունում, ինչի հետ համամիտ չեն եւ դիմել են դատարան:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպանության փորձ է կատարվել Չարենցավանում:
42 տարեկան կինը տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է դեղորայք: Իսկ ի՞նչն եղել պատճառը: Բանն այն է, որ հունվարի 18-ին նրա դուստրը ծննդաբերելիս մահացել է։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ
Սյունիքի մարզում երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետեւանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, եւ բոլորը սպաներ են։