ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի եւ Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արեւելքում ու հարավ-արեւելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման:

 

Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթեւեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին եւ 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները եւ արտադատական հաշվեհարդարները:

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առեւտրային գործընկեր եւ արդար միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,- նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա եւ է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին եւ դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին:

Փաստաթղթում նաեւ հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը եւ ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ եւ բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», – նշված է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը նաեւ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը եւ խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջեւ երկկողմ շփումները:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական եւ էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաեւ Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:

 

 

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։

 

Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաեւ գործունեության իրականացման վայրը: Շուրջօրյա ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողության շնորհիվ՝ նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել:

Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում եւ ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել եւ իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված եւ ստացել ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաեւ, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել եւ տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ, ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով:

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։

 

 

 

5,7 ՀԱ ՏՐՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՆԻՆ

2023թ.  հունվարի 16-ին  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում տեղակայված «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի՝ վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ Այդ գործարանի մեղքով դենդրոպարկի այդ  հատվածը զրկվել է կես հեկտար տարածքից, գետի վարարած հոսանքը այդ կես հեկտարը քշել տարել է, քանզի գինու, կոնյակի գործարանը ինքնակամ, ապօրինի շինարարությամբ փոխել է Աղստեւի հունը։ 2023թ. փետրվարի 2-ին  «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին հանգստի գոտու վերածելու նպատակով։ Լեւոն Գաբրիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է 2023թ. մարտի 9-ին, նրան այդ  պաշտոնում փոխարինել է ( ըստ  լուրերի՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ընկեր)  Լեւոն Տեր-Սիմոնյանը, որը  2023թ.-ին նշանակվել է այդ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։ Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը տեղյակ չի եղել հայտարարված մրցույթից եւ  կնքված պայմանագրից։ Նա այդ մասին տեղեկացել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից՝ կատարվածից մեկ ամիս անց։ Մ. Սայադյանը տեղյակ չէ, թե ինչ կլինի դենդրոպարկի աշխատողների խնդիրը։

Մինչեւ հիմա իրավապահ մարմինների կողմից չեն գնահատվել Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետում ինքնակամ շինարարության հետեւանքով դենդրոպարկին հասցված հսկայական վնասների չափերը, ծառայգում չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից  մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Գինու, կոնյակի գործարանի պատնեշած տարածքում այժմ ինչ-որ շինություններ են կառուցում (ըստ Իջեւանի բնակիչների) այդտեղ վայրի կենդանիներ պահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Քննչական կոմիտեից ստացած պատասխանում նշված է, որ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու  եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել, նախաքննության ներկա փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում  հարուցված չէ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝  2 միլիոն 500 հազար դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս