ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԿԻՆՈՅԻ 100-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի «Սինեմատեք»-ի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված եւ արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում մարտի 10-ին եւ 11-ին անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում կայացել են «Տունը՝ հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) եւ «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։

 

«Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, «Սինեմաթեք»-ի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության եւ գնահատանքի համար։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի «Սինեմատեք»-ի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջեւ հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով հետագա գործակցության ընդլայնման կարեւորությունը։ Ցուցադրությանը ներկա է եղել հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում՝ նաեւ Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը: Նշվում է, որ Ֆրանսիայի «Սինեմատեք»-ի հովանու ներքո մարտի 8-12-ն անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված եւ արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:

Համո Բեկնազարյանին նվիրված այս ծրագրով անվանի ռեժիսորի ստեղծագործությունն առաջին անգամ է հանրայնացվում Ֆրանսիայում 1993 թվականին «Պոմպիդու» կենտրոնում անցկացված հայ կինոյի հետահայաց ծրագրից հետո։ Ըստ աղբյուրի՝ Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմերի թվայնացման եւ մասնագիտական վերականգնման աշխատանքները կատարվել են Հայաստանում One Man Studio Production-ի մասնագետների, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ։

 

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստին «Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաեւ Փարիզում։

 

Ավինյանը հայտնեց, որ, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ, «Ազնավուր» հիմնադրամը առաջարկել է Երեւան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը։

Ըստ քաղաքապետի տեղակալի՝ քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։ «Հաշվի առնելով, որ ունենք այնտեղ նաեւ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի եւ դիտարկելի հատված, առաջարկվեց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։ Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը եւս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով»,- ասաց Ավինյանը։

Կարեւորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչին ըստ արժանվույն գնահատելու, ստեղծագործական ժառանգության արժեւորման եւ հանրահռչակելու, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝ Ավինյանն առաջարկեց ընդունել որոշման նախագիծը: Նախագծին քվեարկեց ավագանու 49 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային եւ ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։

 

 

 

ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման եւ որոշումների կայացման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի 2023թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձեւաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծված որմնանկարների տեխնիկական գնահատումը եւ դրանց հետագա պահպանության (մաքրման, ամրակայման) համար հնարավոր լուծումներ գտնելն էր: Համատեղ քննարկման արդյունքում որոշվել է որմնանկարների լավ պահպանված հատվածներն ամրակայել եւ կոնսերվացնել՝ հնարավորինս զերծ մնալով նոր միջամտություններից: Նիստի օրակարգային հարցերից էր նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխության հարցը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2016թ. որմնանկարն անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր: Հարկ է նշել, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության եւ մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան:

 




Լրահոս