Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ մի շարք ոչ հուսադրող հայտարարություններ արեց Արցախի մասին՝ ակնարկելով, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղում են, իսկ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ ղեկավարությունն իրենք պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը: Ըստ Փաշինյանի՝ 44օրյա պատերամից հետո Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, իր իսկ ստանձնած պարտավորությամբ, Ռուսաստանի Դաշնությունն է: Արցախից մինչ օրս պաշտոնական արձագանք չկա Փաշինյանի այս հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանի ասոիլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Դավիթ Գալստանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ կասեք Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արած դիտարկումների մասին, ի՞նչ կարող ենք արձանագրել այս ամենից:
-Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ որոշ արցախցիների՝ 20-հոգանոց ակցիային ռուս խաղապահների տեղակայման վայրում, բայց այդպես էլ չանդրադարձավ արցախցիների երկու մեծ ակցիաներին, երբ արցախահայությունը դուրս էր եկել հրապարակ եւ պահանջում էր, որպեսզի Արցախի ինքնորոշումը ճանաչվի միջազգայնորեն, երբ արցախցիները փաստում էին, որ պայքարելու են, քանի որ չեն պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում: Փոխարենը դիվանագիտական բոլոր խողովակներով Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս գիծն առաջ տաներ, ցավոք սրտի, անտեսելով ամբողջ արցախահայության պահանջը՝ նա իր ասուլիսի ժամանակ, չգիտես՝ ինչու, անդրադարձավ 20-հոգանոց ինչ-որ ակցիայի ռուս խաղաղապահների դեմ: Սրանով նա կրկին ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, այն է՝ փնովել ռուս խաղաղապահների աշխատանքը: Փաշինյանի նման հայտարարությունները թույլ են տալիս մեզ մտածել, որ հենց այդ խմբակը ուղղորդվում է կա՛մ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ էլ այլ արտաքին կենտրոնների կողմից, որոնց կողմից ուղղորդվում է հենց Փաշինյանը:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները փակուղում են, իսկ Ադրբեջանը գնալով մեծացնում է իր պահանջները Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Ինչո՞ւ նման փակուղային իրավիճակում հայտնվեցինք, ու ի՞նչ ելքեր եք տեսնում:
-Բանակցություններն ինքն իրենց փակուղի չեն մտնում, փակուղի մտցրել է հենց Նիկոլ Փաշինյանը, ով դռների հետեւում այլ բան է խոսում, խոստումներ է տալիս, իսկ հրապարակային խոսքում այլ բան է ասում: Հենց Փաշինյանը բանակցությունները մտցրեց փակուղի, որի արդյունքում ունեցանք Արցախի 75%-ի կորուստ: Նա հայտարարում էր, թե Արցախի համար այնպիսի լուծում պետք է գտնի, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց միայն Ադրբեջանի ժողովրդի համար է Փաշինյանի որոշումն ընդունելի: Չեմ կարծում, որ Արցախում եւ Հայաստանում ապրող հայերի համար ընդունելի են Փաշինյանի գտած լուծումները:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում: Նախ՝ նշենք, որ գործող կարգավորումներով կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, իսկ հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել հանձնաժողով:
Սակայն 2021 թվականի տարեկան հաշվետվությունների հրապարակման փաստը ստուգելիս հանձնաժողովը պարզել է, որ կան կուսակցությունների տարեկան հաշվետվություններ, որոնք ներկայացվել եւ հրապարակվել են անձնական տվյալներով, ուստի նախագծով առաջարկվում է, որ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնեն հանձնաժողով, իսկ վերջինս էլ ապահովի իր պաշտոնական կայքում դրանց հրապարակումը՝ բացառելով անձնական տվյալների հրապարակումը:
Նման կարգավորումը լուծում է առաջացած խնդիրները, այդ թվում՝ ազատում կուսակցություններին նույն տարեկան հաշվետվությունը 2 տարբեր մարմինների ներկայացնելու հավելյալ պարտականությունից, միաժամանակ, առաջիկայում հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային նոր համակարգում նախատեսվում է ապահովել նաեւ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման բաժին, ուստի նպատակահարմար է տարեկան հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման համար կիրառել հենց հանձնաժողովի պաշտոնական կայքը:
ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը սպասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցը Հայաստան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այցը նախապես ծրագրավորված է եղել, եւ նա Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Ամեն դեպքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան տեղի է ունենում հետաքրքիր ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում կրկին բացասական արտահայտվեց կառույցի հասցեին: Դրանից մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նա 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։ Թեեւ նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի նոյեմբերի 25-ի համարում, Արթուր Դավթյանն աշխատանքի կանցնի Արցախում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։ Քաղաքական որոշումն արդեն կայացվել է։
ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՍԵՎ ՇՈՒԿԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը: Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ, սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի: Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սեւ շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն: Ավելին՝ մոտավոր 15 հազար հանդիսական տեղավորող մարզդաշատի համար, պարզվում է, ոչ բոլոր տոմսերն են հանվել վաճառքի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են: