ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Այս մասին երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե թեւակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ: «Մենք կքննարկենք եւ առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից: Միեւնույն ժամանակ, պիտի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաեւ այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչեւ հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաեւ շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետեւանքով բռնազավթած՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները», – նշել էր նա:

 

Նա նաեւ հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը եւ ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է կանխարգելիչ լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ներկայացրել խաղաղության գործընթացի շրջանակում տարվող աշխատանքները: «Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Սրա հետեւանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված:

Միեւնույն ժամանակ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից: Սրա վերջին աղաղակող դրսեւորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին: Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղեւորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր», – ասել է նա: Նրա խոսքով՝ հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Կարեւոր է արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»:

«Ադրբեջանի պետական եւ մերձպետական քարոզչությունը տեւական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, եւ լարվածության միտումները տեսանելի են նաեւ գետնի վրա»,- նշում է Փաշինյանը: «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս արձանագրումը մեծ հաշվով առկա է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետեւանքներ: Այս իմաստով կարեւոր եւ անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ», – նշել է նա իր ելույթում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը եւ տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում:

Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

 

 

 

 

 

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 17.7 մլն դրամի չափով տուգանք:

 

 

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՐԻԶՈՒՄ

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ պատվիրակություն կգործուղվի Փարիզ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ( մարտի 19-22-ը), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (մարտի 21-23-ը), ՔՊ խմբակության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը (մարտի 14-16-ը) եւ Հռիփսիմե Գրիգորյանը (մարտի 23-25-ը), «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը (մարտի 20-24-ը):

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի, Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի, Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների, Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի, ինչպես նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԵՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռադիկ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված կրտսեր ենթասպայական կազմի պահեստազորային, պարտավոր լինելով մասնակցել ՀՀ կառավարության 23.06.2022 թվականի որոշմամբ հայտարարված՝ 2022 թվականի օգոստոսի 01-ից մինչեւ հոկտեմբերի 30-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքին, 24.06.2022 թվականին ստացել է ծանուցագիրը եւ բուժզննման ուղեգիրը, որից հետո ճանաչվելով պիտանի վարժական հավաքների համար՝ վարժական հավաքների մեկնելու օրը՝ 2022 թվականի օգոստոսի 01-ին, չի ներկայացել ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում եւ չի մեկնել վարժական հավաքների՝ այդկերպ խուսափելով եռամսյա վարժական հավաքին մասնակցելուց:

 

 

 

 

Ո՞Վ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ

ArmLur.am-ը զրուցել է «Մարիաննա» ընկերության մանրէաբան Սոնա Քոթանջյանի հետ, թե ինչպես է ընկերությունը խախտումներով կաթնաշոռ արտադրում՝ վտանգելով մարդկանց կյանքը: Ի պատասխան մեր հարցման՝ ընկերության աշխատակից Սոնա Քոթանջյանը հայտնեց, թե ինչ են պատրաստվում անել: Նրա խոսքով՝ կազմակերպությունը պահպանել է բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները, եւ հավանական է, որ խանութներում սառնարանների ջերմաստիճանների տատանման պատճառով է առաջացել նման խնդիր: «Բոնիլատ» ընկերությունից մեկնաբանեցին, որ յուրաքանչյուր խմբաքանակ գնում է լաբորատորիա, եւ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել այդ օրվա խմբաքանակի կաթնամթերքի մեջ, բայց հնարավոր է՝ երկրորդային աղտոտում է. մենք ոչինչ չենք բացառում: Այս պահին ընկերությունը կանգնած է, մաքրման աշխատանքներ են ընթանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց  «Բոնիլատ» ընկերության համապատասխան  աշխատակիցը՝ անդրադառնալով «Հետք»-ի մարտի 2-ին փորձաքննության  շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշին, որոնք գրանցել են բազմակի շեղումներ:

«Հետք»-ը մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

«Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին. դրանք են «Թամարա» եւ «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։

0 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի բարձր քանակ. դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր եւ որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաեւ խմորասնկերի եւ բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում՝ «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռներում։

 




Լրահոս