ԿԱՍԿԱԾՎՈՂ 5 ԱՆՁԻՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը 22:00-ի սահմաններում երթեւեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, որը գտնվել է ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից եւ այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Պարեկային ծառայողները կայանել են մեքենան, մոտեցել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է հայհոյել եւ դրսեւորել ագրեսիվ վարքագիծ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողություններին, սկսել հայհոյել եւ քաշքշել ոստիկաններին։

Վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի եւս երեք բնակիչներ, որոնք քաշքշել եւ ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարգելով եւ հիմք ընդունելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ  ծառայողական պարտականությունները կատող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որեւէ ձեւով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը քրեորեն հետապնդելի արարքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում։

Դրսեւորելով բարձր քաղաքացիական գիտակցություն՝ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողությունների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում անհրաժեշտ է ոչ թե դրսեւորել հակաօրինական  վարքագիծ, այլ նրանց առերեւույթ ոչ իրավաչափ գործողությունները վիճարկել վարչական կամ քրեաիրավական համապատասխան ընթացակարգերով։ Կրկին զգուշացնում ենք, որ հանցավոր վարքագիծ դրսեւորելու բոլոր դեպքերը անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորվելու դեպքում համաչափ քրեաիրավական հետեւանքները լինելու են անխուսափելի։

 

 

 

Ո՞Ր ԴԱՏԱՎՈՐՆ Է ՔՆՆԵԼՈՒ ԳՈՐԾԸ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին:

 

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում գործադիր տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ եւ ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում՝ որպես փորձագետ, 2017թ. փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Վարդան Էդուարդի Խաչիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետ եւ ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում՝ որպես փորձագետ, 2017թ. փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Հայկազն Արարատի Չախոյանին եւ Կարեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետ եւ ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում՝ որպես փորձագետ, 2017թ. փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ

Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության եւ երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Նույն անձը կրկին զանգել եւ հայտնել էր՝ իբր հաստատվել է ոչ թե երեք, այլ վեց միլիոն դրամի վարկը, իսկ երբ պարզվել էր, որ ոչ մի վարկ էլ չկա, եւ փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել է, տղամարդը դիմել էր ոստիկանություն:

Հաջորդ օրերին խարդախությունների վերաբերյալ եւս երկու հաղորդում ստացվեց, որոնցից մեկը՝ Կապանի, մյուսը՝ Մեղրիի բաժնում:

Վարկած առաջ քաշվեց, որ բոլոր դեպքերում խարդախը նույն անձն է: Սկսվեց համագործակցված աշխատանք։ Բացահայտման միջոցառումներին միացան նաեւ Արտաշատի ոստիկանները։ Մարտի 3-ին էլ Արտաշատի բաժնում էր արձանագրվել խարդախության դեպք. նույնկերպ մի քաղաքացուց հափշտակել էին 45 հազար դրամ:

Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ խարդախությունները կատարել էր Մասիս քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Օրեր անց երիտասարդը հայտնաբերվեց եւ տեղափոխվեց Կապանի բաժին։ Պարզվել է նաեւ, որ նա 59-ամյա կապանցի մի տղամարդուց նույնկերպ հափշտակել էր 91 հազար դրամ, իսկ Արարատ քաղաքի մի բնակչուհուց` 100 հազար դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ԿԱՆԽԵԼ ԵՆ ՑԱԾ ՆԵՏՎԵԼԸ

Երեւանում երեկ՝ մարտի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում,  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է, ցած  նետվելով, ինքնասպանություն գործել։

Պարեկները նախ կարողացել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, ապա փրկարարներն էլ կարողացել են բռնել նրան ու վտանգավոր եզրագծից դուրս բերել։

Այդ քաղաքացին այնուհետեւ պարեկների կողմից տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ 62-ամյա Սամվել Հ.-ն է։

 




Լրահոս