ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

 

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս իրավախախտումները Հայաստանի Հանրապետությունում դեռեւս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց եւ վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։

Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետեւանք է նաեւ այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը։

Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտի կողմից այս խումբ իրավախախտումները կատարելու հետեւանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման պայմաններում վերջիններիս կողմից ստացվող եկամուտներից, ինչպիսի պայմաններում քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար հաճախ վարչական իրավախախտում կատարելը, դրա համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելը ավելի «շահավետ» են լինում, քան իրավախախտում կատարելուց խուսափելը եւ քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը։

Այսպիսով, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով: Մինչ այդ գործում էր հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով տուգանքը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 12,6 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային եւ Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։

 

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեւերլին այս մասին պաշտոնապես կհայտարարի մարտի 16-ին եւ 17-ին Քիշնեւ եւ Թբիլիսի կատարելիք այցերի ընթացքում: Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ ֆինանսավորումը պետք է օգնի երկրներին՝ դիմակայելու Ռուսաստանի «չարամիտ ազդեցությանը»։

«Միացյալ Թագավորությունը պասիվ չի հետեւի, թե ինչպես է Մոսկվան կոպտորեն խարխլում նրանց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քլեւերլին այցից առաջ: Մոլդովան կստանա լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 12 միլիոն դոլար) պետական կառավարման բարենորոգման եւ տնտեսական վերափոխումների համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:

Իսկ Վրաստանը կստանա «նոր ֆինանսավորում հաջորդ տարվա ընտրությունների անվտանգությունն ուժեղացնելու համար»: Լոնդոնը 500 հազար ֆունտ ստեռլինգ (600 հազար դոլար) կտրամադրի Վրաստանին՝ 2024 թվականին նախագահի «ազատ եւ արդար ընտրություններ» ապահովելու եւ այդ գործընթացն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար։ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ երկիրն ավելի վաղ 12 մլն ֆունտ (14,5 մլն դոլար) էր հատկացրել Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի համար։

Եվս 10 միլիոն ֆունտ (12 միլիոն դոլար) ուղարկվել է ՄԱԿ-ի գծով՝ հանրապետությունում ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նպատակով: Փետրվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Էր երկրում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին եւ խորհրդարանին կոչ արել լրացուցիչ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին։ Նրա խոսքով՝ հանրապետության պետական իշխանությունները հաստատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեղեկատվությունը Մոլդովայի ներքաղաքական իրավիճակին Ռուսաստանի միջամտության ենթադրյալ ծրագրերի մասին։

Իր հերթին ՁԸհհ-ը հիշեցնում է, որ փետրվարի 14-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Քիշնեւի հայտարարությունները՝ «Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի ծրագրի» մասին, ապացուցելի չեն։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Կիեւի կողմից նման ապատեղեկատվություն տարածելու իրական նպատակը «Քիշնեւին Ռուսաստանի հետ կոշտ առճակատման մեջ ներքաշելն է»:

 

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁԻՑ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Դիլիջան  խոշոր համայնքի ավագանին մարտի 14-ի նիստում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի եւ նույն օրենքի 82.1 հոդվածի պահանջներով, որոշել է հաստատել Դիլիջանի համայնքապետարանի  2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը։ Դիլիջան համայնքի ավագանու փետրվարի 17-ի  նիստում ավագանին չէր հաստատել համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանը։ Համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները դժգոհություն էին հայտնել, որ համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանը չի տեղադրվել, եւ իրենք հնարավորություն չեն ունեցել դրան ծանոթանալու։ Դիլիջանի համայնքապետարանը պատճառաբանել է, որ տարեկան աշխատանքային պլանը համայնքապետարանի պաշտոնական կայքում չի տեղադրվել, որովհետեւ տեխնիկական խնդիրներ են եղել։

 

 

 

 

ՌՈՒՍՆԵՐ՝ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում բնակարանների վարձակալության գները  ցածր չեն։ Դրանք ցածր  չեն նաեւ այն բանի շնորհիվ, որ վերջերս Իջեւանում բնակություն են հաստատել Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանք  Իեւան քաղաքի բազմաբնակարան շենքերում  վարձակալությամբ բնակարաններ են զբաղեցրել։ Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան  տեղափոխվելու պատճառը Ուկրաինայում ընթացող պատերազմն է եւ դրա հետեւանքով ռուսական շատ ընկերությունների դեմ գործող արեւմտյան պատժամիջոցները։ Ռուսաստանից Հայաստան  վերաբնակվածների բացարձակ մեծամասնությունը հաստատվել է Երեւանում, Աբովյանում, Արարատյան դաշտի քաղաքներում, սակայն Ռուսաստանի շատ քաղաքացիներ Երեւանի համեմատ  ցածր վարձավճարով  բնակարաններ  են վարձել Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում։

 

 

 

 

 

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԿԱՆ

Գրեթե ամեն տարի կարկուտը մեծ վնասներ  է պատճառում Տավուշի մարզի գյուղատնտեսական ցանքատարածություններին, խաղողի եւ մրգատու այգիներին։ Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից 3-ում՝ Դիլիջանում, Իջեւանում եւ Բերդում,  հակակարկտային կայաններ չկան։ Տավուշի մարզի Նոյեմբերյան  խոշորացված համայնքի բնակավայրերի տարածքում, հիմնականում՝ Դեբեդի հովտում, գործում է ընդհանուր թվով 13 հակակարկտային կայան, որոնք Նոյեմբերյան  համայնքի տարածքի մի մասի ցանքերն ու այգիները պաշտպանում են կարկտից։ Մինչեւ  2018թ.-ի թավշյա հեղափոխությունը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում էր, որ շուտով Հայաստանի գյուղատնտեսական ցանքատարածությունները եւ այգիները  պաշտպանելու համար տեղադրվելու են պաշտպանիչ ցանցեր, սակայն այդ գործը լայն կիրառում չգտավ։ Խնդիրը բարդանում է նրանում, որ գյուղատնտեսության ոլորտում պետական ապահովագրություն չկա, եւ գյուղացիների հայացքը, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, միշտ վախով ուղղվում  է երկնքի մութ, կարկտաբեր ամպերին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս