ԻՆՉՊԵ՞Ս ԿՍԱՀՄԱՆՎԻ ՆՈՐ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԳԱԹԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ նոր ծնված երեխայի ծնողներից (հորից եւ մորից) սերված՝ մինչեւ նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները եւ զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում:

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները նրա կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն, եթե՝

  1. դատարանի վճռով երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից կամ
  2. առկա է զավակի՝ նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը կամ
  3. նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ նոր ծնված երեխայի ծնողներից (հորից եւ մորից) սերված՝ մինչեւ նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները եւ զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Ընդ որում, այս դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչեւ նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։ Այս կարգավորումը նախատեսվում է տարածել այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Այս ժանկետն առաջարկվում է սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի գործող նորմի կիրառմամբ երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարին 44-օրյա պատերազմում զոհված ընտանիքների համար գործնականում կիրառելի չէ (զոհված զինծառայողների ծնողները պետական այլ ծրագրերի շրջանակներում 2022 թվականի ընթացքում են սկսել բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ միջոցներ ձեռնարկել իրենց ընտանիքների կազմը համալրելու համար)։

Նախագծի հիմանվորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված են այն դեպքերը, երբ նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները եւ զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները) հաշվի են առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս։

Հարկ է նկատի ունենալ, որ գործող կարգավորումներով նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները հաշվի են առնվում, եթե՝

ա. դատարանի վճռով կամ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,

գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,

ե. նրանց մյուս ծնողը մինչեւ նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

զ. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա, կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է նոր ծնված երեխայի մորը),

է. ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,

ը. այդ երեխայի (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողները ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո:

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ գործնականում տարբեր ամուսնությունից ծնված երեխաների դեպքում շատ հազվադեպ է հանդիպում, երբ դատարանի որոշմամբ է որոշված լինում նրանց բնակության վայրը։ Հիմնականում այս դեպքերում երեխաները հաշվառված են լինում նոր ծնված երեխայի հասցեով։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել այս տեսակետից վերանայել կարգաթիվը որոշելու պայմանները։

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կառավարությունն իր մարտի 16-ի նիստում հավանություն տվեց ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, որպիսի պայմաններում գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:

Բացի այդ, բացակայում է դատավորի (դատավորի թեկնածուի հավակնորդի), դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար:

Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ 159-րդ հոդվածի 3-րդ մասը բժշկական զննության կազմակերպման գործընթացում նախատեսում են իրավասու մարմնի, այն է՝ Առողջապահության նախարարության ներգրավում: Նշված պայմաններում Առողջապահության նախարարության գործառույթը սահմանափակվում է դիմումը համապատասխան բժշկական կազմակերպությանը փոխանցելով: Գործընթացն առավել արագ կազմակերպելու եւ անհարկի միջնորդավորվածությունից խուսափելու նպատակով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից դիմումի ներկայացում անմիջապես համապատասխան բժշկական հաստատությանը:

Կատարվող փոփոխությունների եւ լրացումների շրջանակում ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի է դառնում նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն:

Նախագծի ընդունմամբ բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացվելու են անմիջականորեն համապատասխան բժշկական հաստատությանը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաեւ պաշտոնավարող դատավորների համար:

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ

Կառավարությունն իր մարտի 16-ի նիստում համաձայնություն տվեց Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նռնաձոր գյուղում գտնվող ընդհանուր 147,918 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողատարածքը նախկին հողօգտագործողի (ԱՆ քրեակատարողական ծառայություն) կողմից օգտագործվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար: Հաշվի առնելով, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենքերով եւ շինություններով զբաղեցված եւ դրանց սպասարկման համար հատկացված հողամասերի) վրա չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, ուստի անհրաժեշտություն է առաջանում՝ վերը նշված հողատարածքի հետագա արդյունավետ տնօրինման, տիրապետման եւ օգտագործման լիազորությունները իրականացվի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի միջոցով:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, հաշվի առնելով hողատարածքի տեղադիրքը եւ սահմանապահ Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից ստեղծված «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի խնդրանքը, միջնորդել է ՀՀ կառավարությանը պտղատու այգիների հիմնման նպատակով, առանց մրցույթի, անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:

Նշենք, որ «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից, որի անդամները հանդիսանում են բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած եւ այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչները:

Ըստ այդմ՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը գյուղատնտեսական գործունեությունը ծավալելու նպատակով կօգտագործեն սահմանային գոտում բնակություն հաստատող բնակիչները, ինչի արդյունքում մասամբ կբարելավվի նրանց սոցիալական վիճակը, լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի բնակավայրը չլքելու եւ լրացուցիչ խթան՝ սահմանը կայուն պահելու համար: Նախագիծը մշակվել է Սյունիքի մարզպետի կողմից:




Լրահոս